Եվրոպայում գազի գներն աճել են Հորմուզի նեղուցում առկա ռիսկերի ֆոնին

Տնտեսություն16:59 | նոյեմբերի 11, 2026Եվրոպայում գազի գներն աճել են Հորմուզի նեղուցում առկա ռիսկերի ֆոնին
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Եվրոպայում բնական գազի գները շեշտակի աճել են։ Գերմանական ոլորտային Initiative Energien Speichern (Ines) ասոցիացիան նախազգուշացրել է, որ այս ձմռանը հնարավոր է «կապույտ վառելիքի» պակասուրդ առաջանա։
Ինչպես գրում է Der Spiegel-ը, վերջին շրջանում գազապահեստարաններում պաշարները հասել են պատմական նվազագույնի։ Մասնավորապես՝ Գերմանիայի ստորգետնյա պահեստարանները լցված են եղել ընդամենը 61%-ով։
Անսովոր ցուրտ ձմռան դեպքում Գերմանիան կարող է գազամատակարարման խափանումների բախվել։ Ասոցիացիայի նոր հաշվարկների համաձայն՝ 2027 թվականի հունվար, փետրվար և մարտ ամիսներին բնական գազի պակասուրդը կարող է հասնել ամսական 6,6 տերավատ-ժամի։ Սա մոտավորապես այնքան գազ է, որքան Գերմանիան ձմռանը սպառում է մեկուկես օրվա ընթացքում։
Միևնույն ժամանակ, Գերմանիայի Դաշնային ցանցային գործակալությունը գազամատակարարման ճգնաժամի հավանականությունը ցածր է գնահատում։ Կառույցից պարզաբանում են, որ ներմուծման լրացուցիչ ուղիների շնորհիվ երկիրն այլևս ուղղակիորեն կախված չէ պահեստարանները նախատեսված շեմին հասցնելուց։
Ines-ում նույնպես ընդունում են, որ նման խստաշունչ ձմռան հավանականությունը փոքր է։ Սովորական կամ մեղմ եղանակի պայմաններում գազի մատակարարման խնդիրներ չեն լինի։
Սակայն հունվարի առանձին օրերին՝ սաստիկ ցրտերի դեպքում, գազի պակասուրդը կարող է հասնել նույնիսկ 1,7 տերավատ-ժամի։ Դա կազմում է 2026 թվականի հունվարին Գերմանիայում գազի օրական միջին սպառման շուրջ 40%-ը։ Հաշվարկների համար ասոցիացիան հիմք է ընդունել 2010 թվականի նման անոմալ ցուրտ ձմռան սցենարը։
Իր հաշվարկներում Ines-ն արդեն հաշվի է առել ինչպես հարևան եվրոպական երկրներից գազի լրացուցիչ մատակարարումները, այնպես էլ հեղուկացված բնական գազի (ՀԲԳ) ընդունման տերմինալների հզորությունների լիարժեք օգտագործումը։
Այդ ընթացքում Եվրոպայում գազն էլ ավելի է թանկանում, քանի որ Իրանի հետ պատերազմի ավարտի հեռանկարը մնում է անորոշ, իսկ Մերձավոր Արևելքից էներգակիրների մատակարարումները խափանվում են։
Ինչպես հայտնում է Bloomberg-ը, Եվրոպայում գազի բազային ֆյուչերսների գինը գերազանցել է մեկ մեգավատ-ժամի դիմաց 85 եվրոն։ Մասնավորապես՝ եվրոպական շուկայի համար գնային ուղենիշ համարվող նիդերլանդական մոտակա ֆյուչերսները թանկացել են 2,4%-ով՝ հասնելով 86,78 եվրոյի՝ մեկ մեգավատ-ժամի դիմաց։
Այս ձմռանը Եվրոպայի գազամատակարարումը մեծապես կախված կլինի նրանից, թե որքան արագ կհաջողվի վերականգնել գազի փոխադրումը Հորմուզի նեղուցով, հատկապես՝ աշխարհի խոշորագույն արտահանողներից մեկից՝ Կատարից։
Իրանի հետ պատերազմը փաստացի շուկայից դուրս է թողել հեղուկացված գազի համաշխարհային արտահանման գրեթե մեկ հինգերորդը՝ ստիպելով Եվրոպային պայքարել Ասիայի հետ մատակարարման սահմանափակ ծավալների համար։ Վերջերս երկու տարածաշրջաններում էլ գազի գները հասել էին 2022 թվականից ի վեր ամենաբարձր նշագծին՝ տարեսկզբի համեմատ աճելով ավելի քան երեք անգամ։
Թեև ԱՄՆ միջանկյալ ընտրություններից հետո խաղաղ բանակցություններում առաջընթացի հույսերն ուժեղացել են, և գներն այս ամիս փոքր-ինչ նվազել են, շուկայում առաջարկի սղության պատճառով դրանք շարունակում են բարձր մնալ։
Հասանելի է
Թեմա
Տեղադրություն
Աղբյուրը՝ NEWS.am
