Եվրոպական ֆոնդային շուկաները չորեքշաբթի օրվա դրությամբ միասնական դինամիկա չեն ցուցաբերել

Եվրոպական ֆոնդային շուկաները չորեքշաբթի օրվա դրությամբ միասնական դինամիկա չեն ցուցաբերել

Տնտեսություն10:55 | հոկտեմբերի 29, 2026Եվրոպական ֆոնդային շուկաները չորեքշաբթի օրվա դրությամբ միասնական դինամիկա չեն ցուցաբերել
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Եվրոպական ֆոնդային շուկաները չորեքշաբթի օրվա դրությամբ միասնական դինամիկա չեն ցուցաբերել<!—>

]—>

Արևմտյան Եվրոպայի երկրների ֆոնդային ինդեքսները չորեքշաբթի սակարկություններն ավարտեցին խառը դինամիկայով. ներդրողները գնահատում էին կորպորատիվ հաշվետվությունները։

Եվրոպական խոշորագույն ընկերությունների Stoxx Europe 600 ամփոփիչ ինդեքսն աճել է 0,1%-ով՝ հասնելով 644,14 կետի։

Բրիտանական FTSE 100 ինդեքսը նույնպես աճել է 0,1%-ով, գերմանական DAX-ը և իտալական FTSE MIB-ը՝ 0,4-ական տոկոսով։ Ֆրանսիական CAC 40-ը նվազել է 0,18 կետով, իսկ իսպանական IBEX 35-ը՝ 1,5%-ով։

GfK ինստիտուտի կողմից հաշվարկվող՝ Գերմանիայի տնտեսության նկատմամբ սպառողական վստահության նոյեմբերյան ինդեքսն իջել է վերջին կես տարվա նվազագույն մակարդակին և կազմել -30,8 կետ՝ ընթացիկ ամսվա -30,6 կետի դիմաց։ Trading Economics-ի կողմից հարցված վերլուծաբանները միջին հաշվով կանխատեսում էին անկում մինչև -30,9 կետ։

Stoxx 600 ինդեքսի բաղադրիչների շրջանում աճի առաջատարը դանիական կենսատեխնոլոգիական Genmab (+29,1%) ընկերությունն էր, որը հրապարակել է գլխի և պարանոցի կարցինոմայով հիվանդների բուժմանն աջակցող իր փորձարարական հակամարմնի կլինիկական հետազոտության երրորդ փուլի դրական նախնական արդյունքները:

Stellantis-ի արժեթղթերը թանկացել են 15,4%-ով։ Ավտոարտադրողը հուլիս-սեպտեմբեր ամիսներին 10 անգամ կրճատել է զուտ վնասը, իսկ նրա ճշգրտված գործառնական շահույթը գերազանցել է փորձագետների սպասումները։

Գերմանական Deutsche Bank-ի գնանշումներն աճել են 4%-ով, իսկ սննդամթերք և ըմպելիքներ արտադրող ֆրանսիական Danone ընկերությանը՝ 2,6%-ով՝ եռամսյակային ուժեղ ցուցանիշների ֆոնին։

Բրիտանական Standard Chartered-ի բաժնետոմսերի արժեքը բարձրացել է 2,4%-ով։ Նախորդ եռամսյակում բանկի մինչհարկային շահույթը թռիչքաձև աճել է 27%-ով, այնինչ փորձագետները կանխատեսում էին 12% աճ։ Standard Chartered-ը նաև բարելավել է տարեկան կանխատեսումը։

Heineken-ի կապիտալիզացիան ավելացել է 1,6%-ով։ Աշխարհի խոշորագույն գարեջրագործական ընկերություններից մեկը եռամսյակային հասույթն ավելացրել է 9,7%-ով։

BASF-ի բաժնետոմսերը թանկացել են 1,4%-ով։ Գերմանական քիմիական ընկերության զուտ շահույթը երրորդ եռամսյակում կրճատվել է 10%-ով, մինչդեռ հասույթն աճել է 14%-ով և գերազանցել սպասումները։

Նորվեգական Equinor-ի շուկայական արժեքն աճել է 0,8%-ով։ Նավթագազային ընկերությունը եռամսյակն ավարտել է զուտ շահույթով՝ նախորդ տարվա վնասի փոխարեն, արդյունահանումն ավելացրել է 2%-ով և բարելավել 2026 թվականի արտադրության կանխատեսումը։

Ոլորտի այլ ներկայացուցիչների շարքում Eni-ի գնանշումներն աճել են 1,6%-ով, BP Plc-ինը՝ 1,2%-ով, TotalEnergies-ինը՝ 0,7%-ով, իսկ Shell-ինը՝ 0,5%-ով։

Համակցված ինդեքսում ամենամեծ անկումը գրանցել է գերմանական Thyssenkrupp արդյունաբերական խումբը, որը կորցրել է կապիտալիզացիայի 16,9%-ը՝ իր tk accelis ստորաբաժանման թույլ բորսայական նորամուտի ֆոնին։

Նիդեռլանդական Adyen-ի գնանշումները նվազել են 13,4%-ով այն բանից հետո, երբ վճարային հարթակի օպերատորը ընթացիկ տարվա համար EBITDA-ի շահութաբերության կանխատեսումը 52%-ից իջեցրել է մինչև 50%:

Logitech-ի արժեթղթերի գինն ընկել է 10,8%-ով, թեև համակարգչային սարքավորումներ արտադրող շվեյցարական ընկերության հուլիս-սեպտեմբեր ամիսների զուտ շահույթը զգալիորեն գերազանցել է շուկայի սպասումները:

Santander-ի բաժնետոմսերն էժանացել են 5,6%-ով՝ չնայած այն հանգամանքին, որ իսպանական բանկի բազային զուտ շահույթը երրորդ եռամսյակում գերազանցել է փորձագետների կանխատեսումը:

GSK-ն երրորդ եռամսյակում ավելացրել է հասույթը 4%-ով և վերահաստատել 2026 թվականի կանխատեսումը, սակայն բրիտանական դեղագործական ընկերության շուկայական արժեքը նվազել է 4,8%-ով։

Ամենօրյա սպառման ապրանքների համաշխարհային առաջատար մատակարարներից մեկը՝ Unilever-ը, եռամսյակային հասույթն ավելացրել է վերլուծաբանների գնահատականներից ավելի, այնուամենայնիվ նրա գնանշումները նվազել են 1,9%-ով։

UBS-ի արժեթղթերն էժանացել են 1,8%-ով։ Շվեյցարական բանկը նախորդ եռամսյակում ավելացրել է զուտ շահույթը 8,5%-ով, ինչը համընկել է վերլուծաբանների գնահատականների հետ։

Volkswagen խմբի մեջ մտնող՝ բեռնատարներ արտադրող Traton ընկերության կապիտալիզացիան նվազել է 2%-ով՝ չնայած 2026 թվականի ինն ամիսների դրական հաշվետվությանը։ Ընկերության ճշգրտված գործառնական շահույթն աճել է 13%-ով, իսկ պատվերների ծավալը՝ 25%-ով։

Հասանելի է

русский

Թեմա

ՏնտեսությունԵվրոպական բաժնետոմսերՖոնդային շուկա

Աղբյուրը՝ NEWS.am