Եթե ընդմիջում հայտարարեի` ոչ ոք չէր տեսնում ով ում հարվածեց. Ռուբինյան

Պատահարներ15:21 | հոկտեմբերի 29, 2026Եթե ընդմիջում հայտարարեի` ոչ ոք չէր տեսնում ով ում հարվածեց. Ռուբինյան
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Բոլորը պետք է տեսնեն՝ ինչ է կատարվում, հիմա եթե ես ընդմիջում հայտարարեի այդ ժամանակ, ոչ ոք չէր տեսնելու, թե ով ում հարվածեց, ինչից սկսեց։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 29–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով այսօր ԱԺ դահլիճում տեղի ունեցած ծեծկռտուքին։
«Ես ուզեցել եմ նախ, որ բոլորը տեսնեն ինչ է կատարվում, երկրորդը, այդ ժամանակ ծեծկռտուք չկար, երբ որ ծեծկռտուքը սկսեց, երբ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը, Գառնիկ Դավթյանը իր հարվածով տվեց իր դատավճիռը քաղաքական իմաստով, այդ պահից սկսած արդեն ես հայտարարել եմ ընդմիջում և հրավիրել եմ անվտանգության աշխատակիցներին։
Մի կողմից նրանք սկսում են ծեծկռտուք, մյուս կողմից գալիս ինձ ասում են՝ պարոն Ռուբինյան, ինչու ընդմիջում ավելի շուտ չհայտարարեցիք, կարող է այսպես չլիներ։ Այ ձեր ցավը տանեմ չսկսեիք ծեծկռտուք, չվիրավորեիք ամբիոնի մոտ խոսող պատգամավորին, չհարվածեիք պատգամավորին, ես ի՞նչ մեղք ունեմ»,–ասաց նա։
Անդրադառնալով նրան, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՔՊ–ական պատգամավորները համարժեք են պատասխանել, այսինքն կարելի է ենթադրել, որ այսուհետև քաղաքական հարցերը կլուծվեն բռունցքների միջոցով, , Ռուբինյանն ասաց. «Ես առաջին նիստին ասել եմ՝ կամ լինում ենք բարեկիրթ, կամ ինչպես ընդդիմությունը իրեն պահի, այդպես էլ պատասխան կստանա։ Տվյալ դեպքում պարոն Կարապետյանը սկսել է ծեծկռտուք և ստացել է արժանին՝ ըստ որոշ գնահատականների։ Ես դրա համար պատասխանատու չեմ, որովհետև ես չեմ պարոն Կարապետյանին հրահանգել, որպեսզի ինքը վիրավորի պատգամավորին և սադրի ծեծկռտուք։ Ես չեմ հրահանգել Գառնիկ Դավթյանին, որ նա սկսի ծեծկռտուք։ Եթե իրենք պետք է հետո գային բողոքեին, որ իրանց հետ այսպիսի բաներ է եղել, թող չսկսեին այդ ծեծկռտուքը։
Սա երկրորդ դեպքն է, երբ Նարեկ Կարապետյանը խախտում է բարեկրթության կանոնները։ Այն ժամանակ մենք շատ ներողամիտ ենք գտնվել, չի եղել համաչափ պատասխան։ Մենք զուսպ դիմացել ենք։ Մենք դիմացել ենք, երբ իրենց կազմում ինչ-որ սուբյեկտներ մեզ վիրավորել են, մեր ընտանիքներին, բայց երբ որ իրենք արդեն եկել են, սկսել են հարվածել մեր պատգամավորներին, պարզ է որ պետք է ստանային պատասխան։
Ասում եմ, չգիտեմ, սա նախախնամություն է, ինչ է, պատկերացնում եք, Էդգար Ղազարյանի գլխից մի մազ անգամ չի պակասել, և դա իմ շնորհքն է»,– ընդգծեց Ռուբինյանը։
Ավելի վաղ NEWS.am—ը հայտնել էր, որ այսօր՝ հոկտեմբերի 29–ին, ծեծկռտուք է տեղի ունեցել ՔՊ–ի եւ «Ուժեղ Հայաստանի» պատգամավորների միջեւ։ Ի սկզբանե իրավիճակը լարեց ՔՊ–ական Տարոն Չախոյանը, որի ելույթի ժամանակ լեզվակռիվ սկսվեց խորհրդարանում։ Լեզվակռիվը վերածվեց իսկական ծեծկռտուքի։ ԱԺ փոխխոսնակ Վահագն Ալեքսանյանը աթոռ նետեց ընդդիմադիրների ուղղությամբ։
«Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Անդրանիկ Գևորգյանի քթից արյուն էր հոսում, Ռուբեն Մխիթարյանի հագուստը պատառոտված է։ Շտապօգնություն է ժամանել խորհրդարան։
Ռուբինյանը, որի ուղիղ պարտականությունն էր կարգուկանոն ապահովել ԱԺ դահլիճում, սկզբում մի քանի րոպե լուռ հետեւում էր ծեծկռտուքին, որից հետո միայն ընդմիջում հայտարարեց՝ ներս հրավիրելով անվտանգության աշխատակիցներին։
Պատգամավորները վիճաբանությունը շարունակեցին միջանցքում։ Հնչում էին հայհոյանքներ։
Թեմա
Կազմակերպություն
Անձ
Աղբյուրը՝ NEWS.am
