Երևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության առանձին գործառույթը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից անհատ ձեռնարկատեր Վահագն Կարապետյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք․ Երևան, Սվաճյան 12 շենքի դիմաց) իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ արտադրվում է վտանգավոր սննդամթերք՝ սննդամթերքի անվտանգության ոլորտի իրավական ակտերով սահմանված անվտանգության և սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ։
Լաբորատոր փորձարկման արձանագրության համաձայն՝ «հավի շաուրմա» արտադրատեսակի նմուշը աղիքային ցուպիկի խմբի մանրէներ (ԱՑԽՄ) և մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ (ՄԱՖԱնՄՔ) ցուցանիշներով չեն համապատասխանել «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին:
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «հավի շաուրմա» արտադրատեսակի արտադրությունը, կասեցվել է, մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:
Աղբյուր՝ 24News.am
