Էրդողանի պաստառը պոկած քաղաքացին կալանավորվել է

Թուրքիայի Զոնգուլդաք նահանգի Դևրեք շրջանում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պատկերով պաստառը պոկելու և վնասելու մեջ մեղադրվող Ուֆուք Օրենը, դատախազության բողոքարկման արդյունքում կալանավորվել է։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։

Միջադեպը տեղի էր ունեցել օգոստոսի 8-ին Անկարայի խճուղու վրա գտնվող վերնանցումներից մեկի վրա։ Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ Ուֆուք Օրենն ունի հոգեբանական խնդիրներ։ Ականատեսները բջջային հեռախոսներով նկարահանել էին, թե ինչպես է նա վնասում պաստառը, ապա մոտոցիկլետով հեռանում տարածքից։

Ոստիկանության կողմից ձերբակալվելուց հետո՝ օգոստոսի 9-ին, դատարանը նրան ազատ էր արձակել դատական հսկողության պայմանով։ Սակայն դատախազությունը բողոքարկել էր ազատ արձակման որոշումը, ինչից հետո Օրենը կրկին բերման է ենթարկվել և դատարանի նոր որոշմամբ կալանավորվել։

Աղբյուր՝ 24News.am