Երախտագիտությամբ ենք հիշում Ձեր ձայնը Արցախի հայության իրավունքների պաշտպանության հարցում

Երախտագիտությամբ ենք հիշում Ձեր ձայնը Արցախի հայության իրավունքների պաշտպանության հարցում

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցը Գարեգին Երկրորդի ծննդյան 75֊ամյակի առիթով շնորհավորական ուղերձ է հղել։

“Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ ԵՐԿՐՈՐԴԻՆ
ԾԱՅՐԱԳՈՒՅՆ ՊԱՏՐԻԱՐՔ ԵՎ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍ

Ձերդ Սրբություն, Վեհափառ Տեր
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների և արցախահայության անունից՝ սրտի խորունկ ջերմությամբ շնորհավորում եմ Ձեր ծննդյան 75-ամյակի առթիվ։

Ձեր հայրապետական գահակալությունը հայ ժողովրդի համար եղել է հոգևոր հենարան ամենածանր տարիներին։ Երբ ազգային կյանքի հունը խախտվել է, երբ մեր ժողովուրդը կանգնել է կորուստների ու տարակուսանքի առջև, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը մնացել է այն անշարժ կենտրոնը, որի շուրջ հայությունը վերագտել է իր հավատը և իր միասնությունը։ Դա Ձեր հովվապետական վաստակի ամենաակնհայտ վկայությունն է։

Առանձնակի երախտագիտությամբ ենք հիշում Ձեր հետևողական և սկզբունքային ձայնը Արցախի հայության իրավունքների պաշտպանության հարցում։ Բռնի տեղահանությունից հետո Դուք հայ և միջազգային եկեղեցական ու պետական ամենաբարձր ամբիոններից անդադար բարձրաձայնել եք արցախահայության` իր հարազատ բնօրրան անվերապահ վերադարձի իրավունքի, Բաքվում գերության մեջ պահվող մեր հայրենակիցների անհապաղ ազատ արձակման, Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության՝ Ամարասի, Գանձասարի, Դադիվանքի և մեր բազում սրբավայրերի պահպանության մասին։ Դուք չեք թողել, որ մեր ժողովրդի ցավը մնա անլուր և չեք համաձայնվել, որ պատմական անարդարությունը ներկայացվի որպես անվերադարձ իրողություն։
Տեղահանված արցախահայությունը զգում է Ձեր աղոթքն ու հայրական հոգածությունը, և այդ զգացումը մեր հույսի ամրության աղբյուրներից է։

Ձերդ Սրբություն
Ամենակարող Աստծուց հայցում ենք Ձեզ ամուր առողջություն, երկար կենսուրախ տարիներ և վերին զորություն՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և հայ ժողովրդի ի փառս Ձեր բեղմնավոր ծառայությունը շարունակելու համար։

Թող Տիրոջ շնորհը պահապան լինի Ձեզ և Մայր Հայրենիքին։
Խորին հարգանքով և որդիական ակնածանքով՝
Գագիկ Բաղունց
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի
նախագահի պարտականությունները կատարող”

Աղբյուր՝ 24News.am