ԵՄ-ն դեմ է արտահայտվել պատերազմի ավարտից հետո «Հյուսիսային հոսքի» վերագործարկմանը

Էներգետիկա15:04 | հոկտեմբերի 29, 2026ԵՄ-ն դեմ է արտահայտվել պատերազմի ավարտից հետո «Հյուսիսային հոսքի» վերագործարկմանը
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Եվրամիությունում «Հյուսիսային հոսք» նախագիծը դիտարկում են որպես Մոսկվայի էներգետիկ զենք և, չնայած ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև բանակցություններին, կտրականապես դեմ են գազատարների վերագործարկմանը։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Եվրահանձնաժողովի մամուլի քարտուղար Պաուլա Պինյուն։
«Մենք չափազանց լավ գիտենք հանածո վառելիքի գնումներում Ռուսաստանից կախվածության թաքնված գինը։ Նրանք այդ կախվածությունը վերածեցին իրենց զենքի, մենք ստիպված եղանք վճարել դրա համար, և մենք դա չենք մոռանա», — ընդգծել է Պինյուն։
Մամուլի քարտուղարը վկայակոչել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի դիրքորոշումը՝ ընդգծելով, որ Բրյուսելում սկզբունքորեն դեմ են «Հյուսիսային հոսքի» վերագործարկմանը նույնիսկ Ուկրաինայում խաղաղության հաստատման դեպքում։ Նա նաև հավաստիացրել է, որ մինչև 2027 թվականը ռուսական գազից ամբողջությամբ հրաժարվելու վերաբերյալ ԵՄ անդամների պայմանավորվածությունը մնում է ուժի մեջ։
Ավելի վաղ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև բանակցությունների շրջանակում «Հյուսիսային հոսքի» աշխատանքի վերսկսման հարցը քննարկել էին երկու երկրների նախագահների հատուկ ներկայացուցիչներ Կիրիլ Դմիտրիևն ու Ջարեդ Քուշները։ Գազատարների վերագործարկումը դիտարկվում էր որպես Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր «խաղաղության գործարքի» մաս։ Սակայն բանակցություններին մասնակցած Սպիտակ տան պաշտոնյաներն անգամ ընդունում էին, որ չորս տարի առաջ պայթյուններից վնասված գազատարների վերականգնումը քիչ հավանական է նույնիսկ միջնաժամկետ հեռանկարում։
«Հյուսիսային հոսք 1»-ը կառուցվել է Բալթիկ ծովի հատակով 2010–2012 թվականներին՝ միացնելով ռուսական Վիբորգ նավահանգիստն ու գերմանական Գրայֆսվալդը։ Ուստ Լուգայից դեպի Գերմանիա ձգվող «Հյուսիսային հոսք 2»-ի շինարարությունն ավարտվել է 2021 թվականին, սակայն այն չի գործարկվել։ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո «Հյուսիսային հոսք 1»-ը շարունակում էր գործել, մինչդեռ ռուսական «Գազպրոմը» կրճատում էր Եվրոպա մատակարարվող գազի ծավալները՝ դա բացատրելով արևմտյան պատժամիջոցների հետևանքով առաջացած տեխնիկական խնդիրներով։
2022 թվականի սեպտեմբերի 26-ին դանիական Բորնհոլմ կղզու մերձակայքում տեղի ունեցած պայթյունների հետևանքով «Հյուսիսային հոսքի» գազատարները վնասվել են։ Դիվերսիայի կասկածանքով 2025 թվականի ամռանն Իտալիայի իշխանությունները ձերբակալել են ուկրաինական ուժերի նախկին սպա Սերգեյ Կուզնեցովին և նրան արտահանձնել Գերմանիային։ Այս աշնանը Գերմանիայում սկսվել է պայթյուններին առնչություն ունենալու մեջ մեղադրվող նախկին սպայի դատավարությունը։
Հասանելի է
Պատմություն
Կազմակերպություն
Թեմա
Տեղադրություն
Աղբյուրը՝ NEWS.am
