CoreWeave-ի տպավորիչ հաշվետվության ֆոնին չորեքշաբթի օրը Ուոլ Սթրիթում աճ է գրանցվել

CoreWeave-ի տպավորիչ հաշվետվության ֆոնին չորեքշաբթի օրը Ուոլ Սթրիթում աճ է գրանցվել

Արհեստական բանականություն11:19 | նոյեմբերի 12, 2026CoreWeave-ի տպավորիչ հաշվետվության ֆոնին չորեքշաբթի օրը Ուոլ Սթրիթում աճ է գրանցվել
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

CoreWeave-ի տպավորիչ հաշվետվության ֆոնին չորեքշաբթի օրը Ուոլ Սթրիթում աճ է գրանցվել<!—>

]—>

ԱՄՆ ֆոնդային ինդեքսները չորեքշաբթի օրվա առևտրային նստաշրջանն ավարտել են աճով՝ վերականգնվելով նախորդ օրվա անկումից հետո։ Անկումը պայմանավորված էր ԱՄՆ-ում հոկտեմբերյան գնաճի՝ սպասվածից վատ ցուցանիշներով։

Շուկայի մասնակիցների կարծիքով՝ այդ տվյալները մեծացնում են հավանականությունը, որ Դաշնային պահուստային համակարգն արդեն դեկտեմբերյան նիստում կխստացնի դրամավարկային քաղաքականությունը։ Ոմանք չեն բացառում, որ տոկոսադրույքը կբարձրացվի միանգամից 50 բազիսային կետով՝ սովորական 25-ի փոխարեն։

Չորեքշաբթի ամերիկյան բաժնետոմսերի շուկայի համար դրական գործոն են դարձել ամպային ենթակառուցվածքների ոլորտում լուծումներ մատակարարող CoreWeave ընկերության տպավորիչ ֆինանսական արդյունքները։ Դրանց հրապարակման ֆոնին ընկերության բաժնետոմսերը թանկացել են գրեթե 25%-ով։

Անցած եռամսյակում CoreWeave-ի հասույթը հասել է ռեկորդային՝ 3,661 մլրդ դոլարի՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1,365 մլրդ դոլարի դիմաց։ Ընկերությունն արդեն վեցերորդ եռամսյակն անընդմեջ հասույթի պատմական առավելագույն է գրանցում՝ գերազանցելով նաև շուկայի կանխատեսումները։ CoreWeave-ը բարելավել է նաև տարեկան կանխատեսումը և այժմ ակնկալում է, որ 2026 թվականի արդյունքներով հասույթը կկազմի 13–13,3 մլրդ դոլար՝ նախկինում կանխատեսված 12,4–13,2 մլրդ դոլարի փոխարեն։

Արհեստական բանականության ոլորտի այլ ընկերությունների բաժնետոմսերը ևս աճ են գրանցել։ Մասնավորապես, Nebius Group-ի և Applied Digital-ի արժեթղթերը թանկացել են համապատասխանաբար 15,4%-ով և 7,4%-ով։

Nvidia Corp.-ի բաժնետոմսերի գինն աճել է 2,9%-ով՝ ընկերությանը դարձնելով Dow Jones ինդեքսի կազմում աճի առաջատարը։ Նախորդ երկու նստաշրջանների ընթացքում ընկերության շուկայական կապիտալիզացիան նվազել էր ավելի քան 400 մլրդ դոլարով՝ այն լուրերի ֆոնին, թե ընկերության ղեկավար Ջենսեն Հուանգը կապ ունի ՉԺՀ-ի օգտին լրտեսության մեջ կասկածվող մի չինուհու հետ։

Աճել է նաև չիպեր արտադրող այլ ընկերությունների շուկայական կապիտալիզացիան, այդ թվում՝ Marvell Technology-ինը՝ 9,3%-ով, և Micron Technology Inc.-ինը՝ 11,9%-ով։

Boeing Co.-ի շուկայական արժեքն ավելացել է 0,7%-ով այն լուրից հետո, որ ամերիկյան ավիաշինական կոնցեռնը հունվար–հոկտեմբերին մատակարարումների ծավալն ավելացրել է 6%-ով՝ հասցնելով 524 ինքնաթիռի՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածի 493-ի դիմաց։ Միևնույն ժամանակ, չեղարկումները հաշվի առնելով, ընկերությունը ստացել է 783 օդանավի պատվեր։

Հոկտեմբերին Boeing-ը պատվիրատուներին մատակարարել է 49 ինքնաթիռ՝ չորսով պակաս, քան նախորդ տարվա նույն ամսում։ Կոնցեռնը ստացել է 165 օդանավի պատվեր, իսկ հոկտեմբերի վերջի դրությամբ պատվերների ընդհանուր քանակը կազմել է 6457 ինքնաթիռ։

Capri Holdings-ի բաժնետոմսերն էժանացել են 3,9%-ով։ Michael Kors և Jimmy Choo նորաձևության տներին տիրապետող ընկերությունը գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնում նշանակել է Estee Lauder-ից Ջասթին Բոքսֆորդին։ Նա պարտականությունները կստանձնի 2027 թվականի հունվարի 4-ից՝ փոխարինելով պաշտոնից հեռացող Ջոն Այդոլին, որը Capri-ն ղեկավարել է 23 տարի։

Չորեքշաբթի օրվա սակարկությունների արդյունքում Dow Jones Industrial Average ինդեքսն աճել է 0,49%-ով և կազմել 52 486,49 կետ։

Standard & Poor’s 500-ի ցուցանիշն ավելացել է 1,31%-ով՝ հասնելով 7619,38 կետի։

Nasdaq Composite-ը գրանցել է 1,6% աճ՝ առևտուրն ավարտելով 25 466,19 կետի նշագծին։

Հասանելի է

русский

Թեմա

Արհեստական բանականությունՖոնդային շուկա

Կազմակերպություն

Nvidia

Աղբյուրը՝ NEWS.am