Չկալովկայի հարակից դաշտում հայտնաբերվել է 71-ամյա տղամարդու մարմին

Այսօր՝ օգոստոսի 1-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 12։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Չկալովկա բնակավայրի հարակից դաշտում դի կա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վարդան Սահակյանի գլխավորությամբ։Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Աղասի Խաչատրյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչներ Ներսիկ Գրիգորյանի, Բակուր Սարիբեկյանի, վաշտի հրամանատար Հրաչյա Գևորգյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Արսեն Ստեփանյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Վահագն Ղազարյանն ու Մակիչ Սարգսյանը։Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է, իսկ մահացածը Գեղարքունիքի մարզի բնակիչ 71-ամյա Արամայիս Հարությունյանն էր։

Դեպքի մասին ոստիկանության Սևանի բաժնից տեղեկությունը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արամ Աբրահամյանի գլխավորությամբ։Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Աղբյուր՝ 24News.am