ԱԺ «բարեկիրթ զոնը»․ օրենքը փոխարինվում է «ասողի» քմահաճույքով․ Սուրեն Սուրենյանց

ԱԺ «բարեկիրթ զոնը»․ օրենքը փոխարինվում է «ասողի» քմահաճույքով։ Այս մասին գրել է «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը․
«Այսօր Ազգային ժողովի նիստերի դահլիճում տեղի ունեցավ մի միջադեպ, որը վերջին շաբաթներին աստիճանաբար դառնում է իշխող մեծամասնության աշխատաոճի բնորոշ դրսևորում․ «բարեկիրթ» միջավայրի պահպանման անվան տակ դահլիճից հեռացվեց ընդդիմադիր պատգամավոր։
ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը ՊՊԾ աշխատակիցների միջոցով նիստերի դահլիճից հեռացրել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ Դավիթ Ղազինյանին։
Պաշտոնական բացատրությունը ծանոթ է՝ խախտվել են բարեկրթության կանոնները, խաթարվել է նիստի բնականոն ընթացքը, «քաղաքակիրթ» քննարկման մթնոլորտը։ Սակայն այս և նախորդ նմանատիպ միջադեպերը շատ ավելի խորքային խնդիր են բացահայտում։
«Քաղաքացիական պայմանագրի» առաջարկած «բարեկրթությունը» վարքականոն կամ աշխատանքային կարգապահություն չէ։ Այն աստիճանաբար վերածվում է քաղաքական գործիքի, որի միջոցով իշխանությունը փորձում է ցուցադրական կարգուկանոնով քողարկել նոր Ազգային ժողովի շուրջ առկա լեգիտիմության ճգնաժամը։
Ընտրություններից հետո լեգիտիմության շուրջ քաղաքական վեճը ոչ միայն չի փակվել, այլև տեղափոխվել է նոր խորհրդարանի գործունեության դաշտ։ Այս պայմաններում «բարեկիրթ միջավայրի» պահանջը դառնում է յուրատեսակ փոխարինող լեգիտիմություն՝ ստեղծելով պատրանք, թե խորհրդարանում ամեն ինչ ընթանում է սահմանված կանոններով, իշխանությունը պաշտպանում է կարգը, իսկ ընդդիմությունը պարզապես «անբարեկիրթ» է և դրա համար էլ պատժվում է։
Սակայն այստեղ սկզբունքային հարց է առաջանում․ ո՞վ և ի՞նչ հստակ չափանիշներով է որոշում՝ որն է «բարեկիրթ», իսկ որը՝ «անբարեկիրթ» վարքագիծ։ Եվ, որ ավելի կարևոր է, նույն չափանիշները հավասարապես կիրառվո՞ւմ են իշխանության և ընդդիմության նկատմամբ։
Հենց այստեղ է, որ խորհրդարանական «բարեկրթությունը» վտանգավոր կերպով սկսում է հիշեցնել «զոնի պանյատները»։
«Զոնում» «ճիշտն» ու «սխալը» որոշվում են ոչ թե գրված օրենքով և բոլորի համար հավասար կանոններով, այլ «ասողի» կամքով։ Խորհրդարանում ևս աստիճանաբար արմատավորվում է նույն տրամաբանությունը․ օրենքն ու կանոնակարգը մղվում են երկրորդ պլան, իսկ որոշիչ է դառնում «ասողի» գնահատականը՝ Վահագն Ալեքսանյանի, Ռուբեն Ռուբինյանի կամ տվյալ պահին նիստը վարող մեկ այլ իշխանական գործչի հայեցողությունը։
Եթե իշխանությունը որոշում է, որ ընդդիմադիր պատգամավորի ելույթը կամ վարքագիծը «անբարեկիրթ» է, կարող է հետևել պատիժ՝ ընդհուպ մինչև դահլիճից հեռացում։ Իսկ երբ համանման վարքագիծ է դրսևորում իշխանական պատգամավորը, այն կարող է պարզապես անտեսվել կամ բոլորովին այլ մեկնաբանություն ստանալ։
Երբ կանոնը մեկնաբանում է նույն քաղաքական մեծամասնությունը, որը նաև պատժում է դրա ենթադրյալ խախտման համար, իսկ չափանիշները կիրառվում են ընտրողաբար, գործ ունենք ոչ թե խորհրդարանական կարգապահության, այլ քաղաքական կամայականության հետ։
Սա խորհրդարանական քաղաքականության բովանդակազրկում է։ Քաղաքական պայքարը տեղափոխվում է վարքագծային վերահսկողության դաշտ, իսկ խորհրդարանը գաղափարների, ծրագրերի և քաղաքական դիրքորոշումների բախման հարթակից վերածվում է «պատշաճության» ցուցադրման տարածքի։
Այսպիսի միջավայրում ընդդիմության հիմնական գործառույթը՝ իշխանությանը հաշվետու պահելը, սուր հարցեր տալը, քննադատելը և այլընտրանք ներկայացնելը, աստիճանաբար մղվում է երկրորդ պլան։ Առաջնային է դառնում մեկ այլ պահանջ՝ չանցնել այն սահմանը, որը տվյալ պահին գծում է իշխանական մեծամասնությունը։
Ղազինյանի հեռացումն այս տրամաբանության մեջ պատահական դրվագ չէ։ Խնդիրը նույնիսկ նրա ելույթի բառապաշարը կամ վարքագիծը չէ։ Խնդիրն այն է, որ քաղաքական անհամաձայնությունը տեղափոխվում է «պատշաճության» գնահատման դաշտ, որտեղ իշխանությունը միաժամանակ սահմանում է չափանիշը, որոշում դրա խախտման փաստը և կիրառում պատիժը։
Այս տրամաբանության պայմաններում քաղաքական հակափաստարկին փոխարինում է վարչական միջամտությունը, բանավեճին՝ պատիժը, իսկ քաղաքական հակադրությանը՝ պատգամավորի ֆիզիկական հեռացումը դահլիճից։
Մեծ հաշվով, «բարեկրթության» այս ցուցադրական բեմականացումը ծառայում է մեկ նպատակի՝ ստեղծել կարգուկանոնի և բնականոն խորհրդարանական կյանքի պատրանք այն պայմաններում, երբ Ազգային ժողովի լեգիտիմության շուրջ քաղաքական վեճը շարունակում է մնալ չլուծված։
Սակայն խորհրդարանը «բարեկիրթ զոն» դարձնելով՝ հնարավոր է ժամանակավորապես լռեցնել անցանկալի ձայները, բայց հնարավոր չէ լուծել լեգիտիմության խնդիրը։
Այնտեղ, որտեղ գրված կանոնին փոխարինում է «ասողի» քմահաճույքը, կարգուկանոն չի հաստատվում։
Հաստատվում է կամայականություն»։
Աղբյուր՝ 24News.am
