Axios. Դեմոկրատները հաղթել են ԱՄՆ-ի սահմանամերձ բոլոր չորս նահանգներում՝ միգրացիայի հարցում Թրամփի համար պայքարի նոր ճակատ բացելով

Սահմանային անվտանգություն23:39 | նոյեմբերի 15, 2026Axios. Դեմոկրատները հաղթել են ԱՄՆ-ի սահմանամերձ բոլոր չորս նահանգներում՝ միգրացիայի հարցում Թրամփի համար պայքարի նոր ճակատ բացելով
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Դեմոկրատները հաղթել են Մեքսիկային սահմանակից՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի բոլոր տասը ընտրատարածքներում և նահանգապետերի ընտրություններում՝ սահմանամերձ բոլոր չորս նահանգներում՝ Կալիֆոռնիայում, Արիզոնայում, Նյու Մեքսիկոյում և Տեխասում։ Ընտրությունների արդյունքներն ամրապնդում են կուսակցության դիրքերը երկրի նախագահ Դոնալդ Թրամփի հետ միգրացիայի, սահմանի պահպանության և դաշնային իշխանությունների հետ դատական վեճերի հարցերում դիմակայության մեջ, գրում է Axios-ը։
Ինչպես նշում է լրատվամիջոցը, վերջին անգամ դեմոկրատները բոլոր չորս նահանգներում միաժամանակ զբաղեցրել են նահանգապետերի պաշտոնները 1979 թվականին։
Ներկայացուցիչների պալատի ընտրություններում նրանք հանրապետականներից երեք մանդատ են նվաճել, այդ թվում՝ Արիզոնայում և Տեխասում։ Դեմոկրատները նաև հաղթել են բոլոր չորս նահանգների գլխավոր դատախազների ընտրություններում։ Տեխասում կուսակցության ներկայացուցիչն այս պաշտոնը ստացել է 1994 թվականից առաջին անգամ։
Թրամփի քաղաքականության համար ամենալուրջ հետևանքները սպասվում են Տեխասում, որտեղ դեմոկրատ Ջինա Ինոխոսան հաղթել է գործող հանրապետական նահանգապետ Գրեգ Էբոթին։ Վերջինս մոտ 11 մլրդ դոլար էր հատկացրել «Lone Star» գործողությանը, որը նախատեսում էր ոստիկանության և Ազգային գվարդիայի ներգրավումը սահմանի պահպանության գործում և Ռիո Գրանդեի երկայնքով արգելապատնեշների կառուցում։
Ինոխոսան քննադատել է այդ ծախսերը և կկարողանա վերանայել նահանգի ուժերի տեղակայումը և իրավապահ մարմինների առաջնահերթությունները։ Դեմոկրատները նաև մեծամասնություն են ստացել Տեխասի օրենսդիր ժողովի Ներկայացուցիչների պալատում և գլխավոր դատախազ են ընտրել Նեյթան Ջոնսոնին, որը խոստացել է վիճարկել սահմանին դաշնային իշխանությունների հակասահմանադրական գործողությունները։ Հանրապետականները պահպանել են վերահսկողությունը նահանգի սենատի նկատմամբ։
Միաժամանակ նահանգային իշխանությունների հնարավորությունները սահմանափակված են դաշնային օրենսդրությամբ և Վաշինգտոնի լիազորություններով։ Այնուամենայնիվ, Տեխասի գլխավոր դատախազի փոփոխությունը կարող է բարդացնել Թրամփի վարչակազմի դրությունը. Ջոնսոնի նախորդը՝ Քեն Փաքսթոնը, ավելի քան 20 հայց է ներկայացրել դեմոկրատների միգրացիոն քաղաքականության դեմ և պաշտպանել սահմանի պահպանությունն ուժեղացնելու Էբոթի միջոցառումները։
Սահմանամերձ ընտրատարածքներում հաղթած դեմոկրատները հանդես են գալիս սահմանի հուսալի պահպանության օգտին, բայց միաժամանակ աջակցում են ԱՄՆ-ում երկար ժամանակ բնակվող անօրինական ներգաղթյալներին քաղաքացիություն ստանալու հնարավորություն ընձեռելուն։ Այս մոտեցումն արտացոլում է լատինաամերիկյան ծագմամբ ընտրողների մի մասի տրամադրությունները. N+ Univision-ի և YouGov-ի հոկտեմբերյան հարցման համաձայն, Տեխասի լատինաամերիկյան ծագմամբ բնակիչների 56%-ը կարծում էր, որ միգրացիոն վերահսկողությունը չափազանց հեռուն է գնացել, իսկ 62%-ն աջակցում էր միաժամանակ սահմանի ամրապնդմանը և քաղաքացիություն ստանալու ուղու տրամադրմանը։
Լրացուցիչ գործոն են դարձել Թրամփի քաղաքականության տնտեսական հետևանքները։ Մաքսատուրքերը և միգրացիոն վերահսկողության խստացումը վնաս են հասցրել Մեքսիկայի հետ առևտրից և այնտեղից եկող գնորդներից կախված բիզնեսին։ Սահմանամերձ շրջանների ձեռնարկատերերը հայտնել են հաճախորդների թվի նվազման մասին, իսկ որոշ արտադրողներ առևտրի կանոնների շուրջ անորոշության պատճառով կասեցրել են իրենց նախագծերը։
Հասանելի է
Թեմա
Սահմանային անվտանգությունԸնտրություններՄիգրացիաՔաղաքականություն
Անձ
Աղբյուրը՝ NEWS.am
