Արփինե Հովհաննիսյանը կողմ կքվեարկի Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելուն

Ազգային ժողովի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը կողմ կքվեարկի Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելուն: Այս մասին Արփինե Հովհաննիսյանը հայտնեց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում: «Թեպետ քվեարկությունը գաղտնի է, բայց ես կարող եմ ձեզ ասել, որ ես կողմ եմ քվեարկելու անձեռնմխելիությունից զրկելուն: Կարծում եմ, որ դա ճիշտ է, որպեսզի հնարավորություն տրվի իրականացնել լրիվ, օբյեկտիվ ու բազմակողմանի նախաքննություն, և բոլոր հարցերի պատասխանները, որոնք այս օրերին առաջացել են հանրության մոտ ստանան իրենց պատասխանը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Հովհաննիսյանը: Նա շեշտեց, որ սա իր անձնական որոշումն է՝ կարծիք հայտնելով, որ քվեարկության վերաբերյալ դիրքորոշում կհայտնի նաև ՀՀԿ խորհրդարանական խմբակցությունը: Հարցին՝ միայն Մանվել Գրիգորյա՞նը պետք է պատասխանատվություն կրի տեղի ունեցածի համար, Արփինե Հովհաննիսյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ նախաքննության ընթացքում բոլոր մեղավորները՝ անկախ նրանից, թե ինչ պաշտոն են զբաղեցրել կամ զբաղեցնում, անկախ նրանից, թե այս պահին որտեղ են, առհասարակ, եթե նախաքննության ընթացքում կպարզվի, որ որևէ մեկը մասնակից է եղել այս ամենին և այս ամենը իրականությանը համապատասխանում է, որովհետև Ազգային անվտանգության ծառայությունն էլ անմեղության կանխավարկածի մասին ծանուցում է տարածել, այս տեսանկյունից բոլորը պետք է պատասխան տան»: Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանին բերման ենթարկելուց և ձերբակալելուց հետո տեսանյութ էր տարածել, որտեղ երևում էր պատգամավորի պահեստներում պահվող մթերքը, դեղորայք, հիգիենիկ պարագաներ, որոնք ուղարկված են եղել զինվորին: ԱԱԾ-ն Մանվել Գրիգորյանի տնից առգրավել էր նաև զինամթերք, մասնավորապես առգրավվել է 18 հատ ՊԳ-7 տեսակի հակատանկային ականանետ, 20 հատ Ֆ-1 տեսակի նռնակ, 21.589 հատ տարբեր տրամաչափի փամփուշտ, տրոտիլ տեսակի պայթուցիկ նյութի 12 հատ 400-գրամանոց պայթաղյուս, 27 հատ ԿԴ տեսակի պայթուցիչ, 2 հատ գնդացրի փող և մի շարք այլ ռազմամթերք: Էջմիածին քաղաքի Ալավերդյան փողոցի տուն 46 հասցեում տեղակայված Մանվել Գրիգորյանին պատկանող առանձնատնից առգրավվել է 79 հրացան՝ գործարանային համարներով, 39 ատրճանակ՝ գործարանային համարներով, թվով 12.300 տարբեր տրամաչափի փամփուշտ: Մանվել Գրիգորյանին պատկանող հանգստյան տանը հայտնաբերվել էր նաև թվով երեք ավտոպարկ, որտեղ առկա էին ժամանակակից թանկարժեք ավտոմեքենաների հավաքածու, ռետրո ավտոմեքենաների, մոտոցիկլետների և ձնագնացների հավաքածու: Հայտնաբերվել էր նաև ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին պաշտպանության բանակի համար նախատեսված ամենագնացների շարք, շտապօգնության մեքենա:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.