Ներմուծվող ժամանակակից սարքավորումների կիրառությանը զուգահեռ, պետք է իրացնենք նաև տեղական ներուժը. ԱԻ նախարար

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանն ընդունել է Հայաստանում «Davis Instruments» ընկերության պաշտոնական ներկայացուցիչը հանդիսացող «Լոկատոր» ՓԲԸ-ի ղեկավար կազմին՝ ընկերության ղեկավար Արման Խաչատրյանի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից: Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՀՀ ԱԻՆ կառավարման ներքո գտնվող GSM ցանցով աշխատող հակակարկտային կայանքների արդիականացման և տեխնիկական կատարելագործման հնարավորությունները: Իր խոսքում Հրաչյա Ռոստոմյանը նշեց, որ ՌԴ համապատասխան կազմակերպությունների հետ համատեղ իրականացվող հրթիռային կայանների գործարկման պիլոտային ծրագրից բացի՝ հարկավոր է զարկ տալ նաև տեղական արտադրողների հետ ակտիվ համագործակցությանը և լայնորեն կիրառել նաև ժամանակակից այն տեխնոլոգիաները, որոնք առաջարկում է տեղի արտադրողը: «Արտերկրից ներմուծվող ժամանակակից սարքավորումների կիրառությանը զուգահեռ, պետք է իրացնենք նաև տեղական ներուժը՝ նախապատվությունը տալով հայրենական արտադրողին»,-նշել է ԱԻ նախարարը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև ԱԻՆ-ի և տեխնոլոգիական լուծումներ առաջարկող կազմակերպությունների համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր: Նախարար Ռոստոմյանը նշեց, որ ԱԻՆ-ը բաց է համագործակցության համար, պետություն-մասնավոր համագործակցության դաշտում չպիտի լինեն մենաշնորհ դիրք ունեցող կազմակերպություններ: Որպես առաջին քայլ՝ ԱԻ նախարարը հանձնարարեց եռօրյա ժամկետում ուսումնասիրել ԱԻՆ 911 համակարգին ավելի մեծ թվով ընկերությունների համակցում ունենալու հնարավորությունը` նպաստելով հակահրդեհային կանխարգելիչ միջոցառումների ծավալի մեծացմանը և ծառայությունների մատուցման որակի բարձրացմանը:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.