Տեղի կունենա ԱԺ 6-րդ նստաշրջանի եզրափակիչ լիագումար նիստը

Դեկտեմբերի 20-ին խորհրդարանի ղեկավար Աշոտ Ղուլյանը ԱԺ մշտական հանձնաժողովների, խմբակցությունների և աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն: Ներկայացնելով առաջիկա լիագումար նիստի համար երաշխավորված օրենսդրական նախաձեռնությունները՝ ԱԺ նախագահը նշել է, որ շարունակվելու են դեկտեմբերի 14-ին ընդմիջված 2018թ.-ի պետական բյուջեի նախագծի քննարկումները: Նախորդ նիստից հետո՝ 24 ժամվա ընթացքում, 2 պատգամավոր և 2 խմբակցություն ներկայացրել են բյուջեի վերաբերյալ նոր առաջարկություններ: Խորհրդակցության մասնակիցները քննարկել են բյուջեի եզրափակիչ փուլի՝ կանոնակարգով նախատեսված ընթացակարգը: ԱԺ գլխադասային հանձնաժողովների պատասխանատուները ներկայացրել են նախօրեին համապատասխան հանձնաժողովներում օրենքների նախագծերի քննարկումների արդյունքները և լիագումար նիստի օրակարգում դրանք ընդգրկելու եզրակացությունները: Առաջիկա նիստում խորհրդարանը շարունակելու է նախորդ նիստում առաջին ընթերցմամբ ընդունված օրինագծերի և մի շարք այլ օրենսդրական նախաձեռնությունների քննարկումները: Լիագումար նիստի ընթացքում տեղի է ունենալու նաև երկու գաղտնի քվեարկություն. 1. Բարձրագույն դատական խորհրդի ներկայացմամբ նշանակվելու է ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի երկու դատավոր 2. ընտրվելու է ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: Ամփոփելով խորհրդակցությունը՝ Աշոտ Ղուլյանը հայտարարել է, որ 6-րդ նստաշրջանի եզրափակիչ հերթական լիագումար նիստը տեղի կունենա դեկտեմբերի 21-ին՝ ժամը 11:00-ին:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.