Ի՞նչ կլիներ, եթե Հենրիխ Մխիթարյանը չվերցներ նախագահի պարգևը

Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պարգևատրվեց Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով: Հայաստանի հավաքականի ավագը պարգևատրվել է սպորտի զարգացմանը նպաստելու և Հայաստանն աշխարհում լավագույնս ներկայացնելու համար: «Շատ հպարտ եմ ու շատ ուրախ, որ ստացա այս մեդալը: Կարծում եմ՝ այն ուժ կտա հետագայում ավելի մեծ ներդրումներ կատարել հայկական սպորտում և ներկայացնել Հայաստանը արտերկրում»,-ասել է Մխիթարյանը: Բացի Հենրիխ Մխիթարյանից պարգևատրվել են նաև Ռազմիկ Ամյանը, Լևոն Արոնյանը և հայտնի ու ոչ այդքան էլ հայտնի գործիչներ, ովքեր իրենց ավանդն ունեն տարբեր ոլորտներում: Այլ պարգևատրումից հետո սոցիալական ցանցերում ու լրատվամիջոցներում տարաբնույթ քննարկումներ են սկսվել, թե ինչու է Մխիթարյանը համաձայնել վերցնել պարգևը ապօրինի ընտրված, մի շարք հանցագործությունների հեղինակ համարվող իշխանություններից: Իհարկե, յուրաքանչյուր ոք ունի կարծիք արտահայտելու իրավունք. ի վերջո ազատ երկրում ենք ապրում: Սակայն եկեք, նախ հասկանանք, որ տվյալ դեպքում պարգևը քաղաքականության հետ ոչ մի կապ չունի: Հենրիխ Մխիթարյանն ընտրակեղծարար չէ, որ ասեն, թե նրան պարևատրեցին ընտրությունները լավագույնս կեղծելու համար: Նա այսօր ոչ միայն Հայաստանի, Եվրոպայի, այլև ամբողջ աշխարհի  լավագույն ֆուտբոլիստներից մեկն է, և ինչպես առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն էր ասում, նա մեր ազգի միակ պարծանքն է այսօր: Ուրեմն, մի՞թե նա արժանի չէր պարգևի... Դիտարկենք նաև տարբերակը, եթե Հենրիխ Մխիթարյանը չվերցներ պարգևը, ի՞նչ էր փոխվելու: Այո, միջազգային լրատվամիջոցները կգրեին այդ մասին, բայց դրանից ոչինչ չէր փոխվելու, քանի որ այնպես չէ, որ միջազգային հանրությունը չգիտի, որ Հայաստանում ընտրությունները կեղծիքներով են անցնում, միջազգային հանրությունը շատ լավ տեղյակ է բոլոր հանցագործություններից, որոնք կատարվում են այս երկրում: Այդ նույն միջազգային դիտորդներն են, որ դրական գնահատական են տալիս ընտրություններին ամեն անգամ: Այնպես որ նման կերպ Հենրիխ Մխիթարյանը ոչինչ չէր փոխելու ընդհանուր առմամբ: Այն գործը, որ նա անում է, այն PR-ը, որ ստանում է Հայաստանը ֆուտբոլիստի շնորհիվ, մեծագույն գործն է, որ արել է ու անում է Հենրիխ Մխիթարյանը բոլորիս համար...
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.