Անտարկտիդայի վերևում առաջացած օզոնային անցքը երկու անգամ գերազանցել է ԱՄՆ-ի տարածքը․ հետազոտություն

Անտարկտիդա04:00 | նոյեմբերի 10, 2026Անտարկտիդայի վերևում առաջացած օզոնային անցքը երկու անգամ գերազանցել է ԱՄՆ-ի տարածքը․ հետազոտություն
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
NASA-ի գիտնականների տվյալներով՝ Անտարկտիդայի վերևում ձևավորված օզոնային խոռոչը վերջին 10 տարվա ընթացքում ամենամեծն է՝ սառցե մայրցամաքում գրանցված անոմալ եղանակային պայմանների հետևանքով։ 2026 թվականի սեպտեմբերի 7-ից հոկտեմբերի 13-ն ընկած ժամանակահատվածում խոռոչի մակերեսը հասել է 25 միլիոն քառակուսի կիլոմետրի՝ ավելի քան երկու անգամ գերազանցելով ԱՄՆ-ի տարածքը։ Գիտնականների գնահատմամբ՝ սա դիտարկումների 48 տարվա պատմության մեջ մեծությամբ յոթերորդ ցուցանիշն է։ Ինչպես գրում է Daily Mail պարբերականը, օզոնային խոռոչի ընդարձակմանը նպաստել է հզոր բևեռային հորձանուտը։
Օզոնը թթվածնի երեք ատոմից բաղկացած մոլեկուլ է։ Ստրատոսֆերայում՝ մոտ 11–40 կիլոմետր բարձրության վրա, օզոնային շերտը պաշտպանիչ վահանի դեր է կատարում՝ Երկրի կենդանի աշխարհը պաշտպանելով Արեգակի վտանգավոր ուլտրամանուշակագույն ճառագայթումից։
2026 թվականին Անտարկտիդայի վերևում առաջացած օզոնային խոռոչն առավելագույն չափին հասել է սեպտեմբերի 18-ին՝ կազմելով 27 միլիոն քառակուսի կիլոմետր։ Սա դիտարկումների ողջ պատմության ընթացքում գրանցված ամենամեծ օզոնային խոռոչի մակերեսի մոտ 90 տոկոսն է։ Ռեկորդային ցուցանիշն արձանագրվել էր 2000 թվականի սեպտեմբերի 9-ին։
Թեև 2026 թվականի օզոնային խոռոչը հսկայական է, այն կարող էր շատ ավելի մեծ լինել, եթե մթնոլորտում օզոնային շերտը քայքայող նյութերի խտությունը պահպանվեր 2000 թվականի բարձր մակարդակում։
Խոսքը, մասնավորապես, քլորֆտորածխածինների և այլ միացությունների մասին է, որոնք նախկինում լայնորեն կիրառվում էին սառնարանների, օդորակիչների ու շինանյութերի արտադրության մեջ։ Այդ նյութերը դեռ պահպանվում են մթնոլորտում, սակայն դրանց քանակի նվազմանը զուգահեռ գիտնականներն ակնկալում են օզոնային շերտի աստիճանական վերականգնում՝ մինչև 2070-ական թվականները։
Ինչպես փոխանցում է «Фокус» պարբերականը, օզոնային շերտի քայքայմանը նպաստում են մթնոլորտ ներթափանցած՝ քլոր ու բրոմ պարունակող միացությունները։ Օդային հոսանքներն այդ գազերը տեղափոխում են ստրատոսֆերա, որտեղ ուլտրամանուշակագույն ճառագայթման ազդեցությամբ դրանք տրոհվում են։ Բևեռային ստրատոսֆերային ամպերի մասնիկների մակերևույթին ընթացող քիմիական ռեակցիաները նպաստում են քլորի և բրոմի ակտիվ ձևերի առաջացմանը, որոնք քայքայում են օզոնը։
Անտարկտիդայի վերևում օզոնային խոռոչը ձևավորվում է ամեն տարի՝ հարավային կիսագնդի գարնանը։ Սակայն 2026 թվականին դրա մեծ չափերը գիտնականները կապում են արտասովոր հզոր և ընդարձակ բևեռային հորձանուտի հետ։
Այդ հորձանուտն արագացրել է Անտարկտիդայի վերևում օզոնային շերտի քայքայումը։ Ամենաուժեղ քամիների գոտին Հարավային բևեռից մի քանի աստիճանով ավելի հեռու է տեղաշարժվել, ինչի հետևանքով ընդարձակվել է օզոնի քայքայման համար նպաստավոր պայմաններով տարածքը։
Հասանելի է
Տեղադրություն
Թեմա
Կլիմայի փոփոխությունՇրջակա միջավայր
Աղբյուրը՝ NEWS.am
