4000 մետր խորության վրա նոր կաղամար է հայտնաբերվել

Խոր ծով05:01 | նոյեմբերի 10, 20264000 մետր խորության վրա նոր կաղամար է հայտնաբերվել
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Խաղաղ օվկիանոսում՝ ավելի քան 4000 մետր խորության վրա, գիտնականները նախկինում անհայտ վարքագծով կաղամար են հայտնաբերել։ Այն գլուխը թաղել էր տիղմի մեջ, իսկ երկու երկար շոշափուկները դուրս ցցել՝ ուտելու փայտիկների նման։ Մասնագետները դեռ չգիտեն, թե ինչով է պայմանավորված այս վարքագիծը և որ տեսակին է պատկանում կաղամարը։ Հնարավոր է՝ այն գիտությանն անհայտ տեսակ է։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Ecology ամսագրում։
Օվկիանոսի խորքերը շարունակում են մնալ Երկրի ամենաքիչ ուսումնասիրված տարածքներից մեկը։ Մեր մոլորակի մակերեսի մոտ 66 տոկոսը բաժին է ընկնում օվկիանոսների խորջրյա հատվածներին, սակայն գիտնականներն ուսումնասիրել են այդ ահռելի տարածքի ընդամենը 0,001 տոկոսը։
Ինչպես փոխանցում է «Фокус» պարբերականը, Մեծ Բրիտանիայի Ազգային օվկիանոսագիտական կենտրոնի գիտնականները կաղամարին հայտնաբերել են դեպի Կլարիոն-Կլիպերտոն գոտի կազմակերպված արշավախմբի ընթացքում։ Ավելի քան 4000 մետր խորության վրա դիտարկումներն իրականացվել են հեռակառավարվող ստորջրյա սարքի միջոցով։
Կլարիոն-Կլիպերտոն գոտին Խաղաղ օվկիանոսի հյուսիսարևելյան հատվածում գտնվող խորջրյա հարթավայր է, որը հանքարդյունաբերական ընկերություններին գրավում է արժեքավոր հանքանյութերի հարուստ պաշարներով։ Արշավախմբի նպատակն օգտակար հանածոների խորջրյա արդյունահանման էկոլոգիական հետևանքներն ուսումնասիրելն էր, սակայն ստորջրյա սարքի տեսախցիկներն անսպասելի տեսարան են արձանագրել։
Այն, ինչ գիտնականները սկզբում ծովային սպունգ էին կարծել, պարզվել է՝ կաղամար է։ Այն գլխիվայր թաղվել էր հատակի տիղմի մեջ, իսկ երկու երկար շոշափուկներն ազատ օրորվում էին ջրում։ Կաղամարների կամ ութոտնուկների մոտ նման վարքագիծ նախկինում չէր արձանագրվել։
Գիտնականները դեռևս չեն պարզել այս վարքագծի պատճառը։ Հնարավոր է՝ սա գիշատիչներից թաքնվելու յուրօրինակ միջոց է։ Չի բացառվում նաև, որ կաղամարն այդ կերպ խայծ է առաջարկում խեցգետնակերպերին՝ նրանց որսալու համար։ Երկու բացատրություններն էլ առայժմ վարկածներ են։
Գիտնականներին հայտնի է, որ խորջրյա շատ կենդանիներ, այդ թվում՝ որոշ գլխոտանի փափկամարմիններ, թաղվում են հատակի տիղմի մեջ։ Սակայն այս կաղամարի դիրքն ու շոշափուկների տեղադրությունն առանձնահատուկ են։ Մասնագետների կարծիքով՝ այն Mastigoteuthidae ընտանիքի ներկայացուցիչ է, բայց տեսակը դեռ որոշված չէ։ Հնարավոր է՝ գործ ունեն մինչ այժմ չնկարագրված տեսակի հետ։
Այս դիտարկումը ցույց է տալիս, թե որքան քիչ բան գիտենք օվկիանոսի խորքերում բնակվող կենդանիների և նրանց վարքագծի մասին։
<!—>
Հասանելի է
[—>русский
Թեմա
Տեղադրություն
Աղբյուրը՝ NEWS.am
