ԱՄՆ-ը, ՌԴ-ն ու Չինաստանը քննարկում են ԱԽՏՀ գագաթնաժողովում իրենց առաջնորդների հանդիպումը

ԱՄՆ-ը, ՌԴ-ն ու Չինաստանը քննարկում են ԱԽՏՀ գագաթնաժողովում իրենց առաջնորդների հանդիպումը

Դիվանագիտություն16:27 | նոյեմբերի 3, 2026ԱՄՆ-ը, ՌԴ-ն ու Չինաստանը քննարկում են ԱԽՏՀ գագաթնաժողովում իրենց առաջնորդների հանդիպումը
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

ԱՄՆ-ը, ՌԴ-ն ու Չինաստանը քննարկում են ԱԽՏՀ գագաթնաժողովում իրենց առաջնորդների հանդիպումը<!—>

]—>

Չինաստանի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաները քննարկում են նոյեմբերի 18–19-ին Շենչժենում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթնաժողովի շրջանակում Սի Ծինփինի, Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի եռակողմ հանդիպում անցկացնելու հնարավորությունը։ Վերջին երկու շաբաթվա ընթացքում պաշտոնյաները լուրջ բանակցություններ են վարել երեք պետությունների ղեկավարների առաջին եռակողմ հանդիպումը կազմակերպելու շուրջ, Financial Times-ին հայտնել են երեք մայրաքաղաքներում իրավիճակին ծանոթ աղբյուրները։

Թրամփը նախատեսում է մասնակցել ԱԽՏՀ գագաթնաժողովին և հանդիպել Սի Ծինփինին։ Ավելի վաղ նա առաջարկել էր հանդիպմանը ներգրավել նաև Պուտինին։ Սակայն Պեկինը դեռ չի որոշել՝ արդյոք անցկացնել եռակողմ հանդիպումը, ասում են FT-ի աղբյուրները։ Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը կիրակի հայտնել է, որ Սին, իր տպավորությամբ, շփոթվել է, երբ անցյալ շաբաթ կայացած իրենց հանդիպման ժամանակ ինքը Չինաստանի առաջնորդին հարցրել է հնարավոր եռակողմ գագաթնաժողովի մասին։ Շտայնմայերի խոսքով՝ Սին հետաքրքրվել է, թե որտեղից են ծագել այդ լուրերը։

Պարզ չէ նաև՝ բանակցություններն ընթանում են եռակողմ ձևաչափո՞վ, թե՞ Պեկինը՝ որպես հյուրընկալող կողմ, առանձին խորհրդակցություններ է անցկացնում Մոսկվայի և Վաշինգտոնի հետ, նշում է FT-ն։ Բանակցությունների ընթացքին ծանոթ աղբյուրի խոսքով՝ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը պնդում են, որ Չինաստանը համաձայնի հանդիպման անցկացմանը։

Հանդիպման կազմակերպման գլխավոր դժվարություններից մեկը ընդհանուր օրակարգի ձևավորումն է։ Շտայնմայերի խոսքով՝ Սին հայտարարել է, որ Ուկրաինայում պատերազմը քննարկելու նպատակով եռակողմ հանդիպում անցկացնելու ծրագրեր չկան։ Չինաստանի առաջնորդը հավելել է, որ եվրոպացիները պետք է ներկա լինեն բանակցությունների սեղանի շուրջ, քանի որ այս պատերազմը եվրոպական հակամարտություն է։ Մինչդեռ Մոսկվայում չեն ցանկանում, որ Եվրոպայի ներկայացուցիչները մասնակցեն նման քննարկումներին։

Եվրոպայի ներկայացուցիչները չեն մասնակցի Ուկրաինայի հարցով բանակցություններին, որոնք պետք է կայանան նոյեմբերին ԱՄԷ-ում, և «ոչ ոք մտադիր չէ նրանց հրավիրել բանակցությունների սեղանի շուրջ», հոկտեմբերի վերջին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

Ինչպես FT-ին հայտնել է Մոսկվայի դիրքորոշմանը ծանոթ աղբյուրը, Ռուսաստանը Ուկրաինայի հարցով բովանդակային բանակցություններ չի ակնկալում, եթե Շենչժենում հանդիպումը, այնուամենայնիվ, կայանա։ Աղբյուրի խոսքով՝ Մոսկվայում կարծում են, որ Չինաստանը չի ցանկանում առաջատար դեր ստանձնել այս հակամարտության կարգավորման ուղիների որոնման գործում, այլ մտադիր է միայն իրեն վերագրել խաղաղարարի դափնիները, երբ կարգավորումն իրական հեռանկար դառնա։

Պարզ չէ՝ հնարավոր եռակողմ հանդիպմանը կքննարկվի՞ արդյոք իրանական հարցը, նշում է FT-ն։ Սակայն Պեկինը վերջին շրջանում ակտիվ դիվանագիտական ջանքեր է գործադրում Մերձավոր Արևելքում հակամարտությունը կարգավորելու համար, գրում է The Washington Post-ը։

Երկուշաբթի Սին ընդունել է Օմանի սուլթանին, որը միջնորդի դեր է կատարում ամերիկա-իրանական բանակցություններում։ Սա Օմանի պետության ղեկավարի առաջին այցն էր Պեկին՝ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր՝ 48 տարվա ընթացքում։ Իսկ Չինաստանի արտգործնախարար Վան Ին բանակցություններ է վարել Իրանի և Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչների հետ։ Նույն օրը Չինաստանի ԱԳՆ-ն հայտարարել է Մերձավոր Արևելքում դիվանագիտական նախաձեռնության մասին, որը կծավալվի առաջիկա օրերին և շաբաթներին․ երեք բարձրաստիճան բանագնացներ կմեկնեն տարածաշրջանի յոթ երկրներ։

Ինչ վերաբերում է Սի Ծինփինի, Թրամփի և Պուտինի հնարավոր հանդիպմանը, Չինաստանի ԱԳՆ-ն FT-ին հայտնել է, որ Պեկինը «կապ է պահպանում համապատասխան կողմերի հետ Չինաստանի և Ռուսաստանի պետությունների ղեկավարների հանդիպման առնչությամբ»՝ չհիշատակելով Թրամփին։ Սպիտակ տունը դեռ մեկնաբանություն չի տվել։

«Նման հանդիպում կազմակերպելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում», — FT-ին ասել է Դմիտրի Պեսկովը։

<!—>

Հասանելի է

[—>русский

Թեմա

ԴիվանագիտությունՔաղաքականություն

Անձ

Դոնալդ ԹրամփՎլադիմիր ՊուտինՍի Ծինփին

Աղբյուրը՝ NEWS.am