ԱՄՆ-ն ու Չինաստանը տարակարծիք են ՌԴ-ի հետ գագաթնաժողովի հարցում. WSJ

Սպառազինությունների վերահսկում11:36 | նոյեմբերի 10, 2026ԱՄՆ-ն ու Չինաստանը տարակարծիք են ՌԴ-ի հետ գագաթնաժողովի հարցում. WSJ
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
ԱՄՆ-ն ու Չինաստանը չեն կարողանում համաձայնեցնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի հնարավոր եռակողմ հանդիպման ձևաչափը։ Հանդիպումը նախատեսվում է անցկացնել նոյեմբերին՝ Չինաստանի Շենչժեն քաղաքում։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը (WSJ)՝ հղում անելով բանակցությունների նախապատրաստմանը ծանոթ աղբյուրներին։
Աղբյուրների խոսքով՝ Պեկինը ցանկանում է հանդիպումն անցկացնել նախապես մշակված սցենարով․ առաջնորդներից յուրաքանչյուրը կընթերցի նախապատրաստված հայտարարությունը, իսկ ազատ քննարկման հնարավորություն կողմերը գրեթե չեն ունենա։ Թրամփի վարչակազմը, ընդհակառակը, պնդում է մտքերի ավելի ազատ փոխանակման անհրաժեշտությունը։ Բանակցությունները կարող են տեղի ունենալ նոյեմբերի 18–19-ին Չինաստանում անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթնաժողովի շրջանակում, սակայն ձևաչափի և օրակարգի շուրջ տարաձայնությունները կասկածի տակ են դնում դրանց անցկացումը, նշում է թերթը։
Չինացի պաշտոնյան WSJ-ին հայտնել է, որ Պեկինը պատրաստ է հյուրընկալել եռակողմ հանդիպումը, եթե գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներն ապահովեն համաձայնեցված օրակարգ և «նախապես որոշված արդյունք»։ Այդ ձևաչափով Չինաստանը պատրաստ է քննարկել Ուկրաինայի և այլ հարցեր։ Առանց նման նախապատրաստական աշխատանքի՝ Պեկինը կնախընտրեր առանձին երկկողմ հանդիպումներ, հստակեցրել է աղբյուրը։
Կողմերի միջև մեկ այլ տարաձայնություն վերաբերում է միջուկային սպառազինությունների վերահսկողությանը։ Թրամփը հայտարարել էր, որ մտադիր է Պուտինի և Սի Ծինփինի հետ քննարկել «շատ հարցեր, այդ թվում՝ միջուկազերծումը»։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն նույնպես հնարավոր հանդիպումը համարել էր երեք միջուկային տերությունների առաջնորդների մակարդակով սպառազինությունների վերահսկողությունը քննարկելու հնարավորություն։
Սակայն չինացի պաշտոնյան WSJ-ին հայտարարել է, որ Պեկինը չի համաձայնի մասնակցել այդ հարցով եռակողմ բանակցություններին։ Ինչպես պարզաբանում է թերթը, Չինաստանը մտավախություն ունի, որ կամրագրվի մի իրավիճակ, երբ իր միջուկային զինանոցը զիջում է ամերիկյանին ու ռուսականին։ Միևնույն ժամանակ ԱՄՆ վարչակազմը պնդում է, որ սպառազինությունների վերահսկողության նոր համաձայնագրին պետք է մասնակցի նաև ՉԺՀ-ն, գրում է WSJ-ը։
Հասանելի է
Թեմա
Սպառազինությունների վերահսկումԴիվանագիտություն
Անձ
Դոնալդ ԹրամփՎլադիմիր ՊուտինՍի Ծինփին
Աղբյուրը՝ NEWS.am
