ԱՄՆ բանակն Այովայում վտանգավոր պայթուցիկ նյութեր է պայթեցրել. կապարի փոշու ամպը կարող է տարածվել մինչև 160 կմ

Քիմիական Վտանգ20:37 | նոյեմբերի 25, 2026ԱՄՆ բանակն Այովայում վտանգավոր պայթուցիկ նյութեր է պայթեցրել. կապարի փոշու ամպը կարող է տարածվել մինչև 160 կմ
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
ԱՄՆ բանակը չորեքշաբթի՝ նոյեմբերի 25-ին, վերահսկվող պայթյունով ոչնչացրել է շուրջ 4,4 տոննա անկայուն կապարի ազիդ՝ Այովա նահանգի Միդլթաուն քաղաքում գտնվող բանակային զինամթերքի գործարանի տարածքում, հայտնում է NBC News-ը։
Իշխանությունները մտավախություն ունեին, որ պայթյունից հետո կապարի թունավոր փոշին կարող է տարածվել տասնյակ կիլոմետրերով, այդ թվում՝ նահանգի սահմաններից դուրս։
Ոչնչացվել է քայքայվող կապարի ազիդով լի 68 տակառ։ Դա պայթուցիկ նյութ է, որը նախկինում օգտագործվում էր պայթուցիչների արտադրության համար։
Բանակի տվյալներով՝ նյութը վերաբյուրեղացել էր տարաների ներսում և դրսում՝ ստեղծելով ինքնաբերական պայթյունի վտանգ։ Այն անվտանգ տեղափոխելն անհնար էր, ուստի զինվորականները որոշել էին պաշարը ոչնչացնել տեղում։
Պայթյունը տեղի է ունեցել տեղական ժամանակով մոտավորապես 09:00-ին։
Այովայի նահանգապետ Քիմ Ռեյնոլդսը հայտարարել է, որ նահանգի և դաշնային գերատեսչությունների մասնագետների նախնական գնահատականները վկայում են գործողության հաջող իրականացման մասին։ ԱՄՆ Շրջակա միջավայրի պահպանության գործակալությունից (EPA) հայտնել են, որ սենսորները տարածաշրջանի օդում առայժմ կապար չեն հայտնաբերել։
Սակայն անկախ մասնագետները նախազգուշացնում են, որ հետևանքները գնահատելու համար ժամանակ կպահանջվի. անհրաժեշտ է պարզել, թե կապարի որքան փոշի է նստել գետնին և ինչ վտանգ է այն ներկայացնում տեղի բնակիչների համար։
Բանակի կանխատեսումներով՝ հաշվի առնելով սպասվող եղանակային պայմանները՝ փոշու ամպը կարող էր շարժվել մոտ 160 կմ դեպի հարավ-արևմուտք և հասնել Միսսուրի նահանգի հյուսիս-արևելք։ Պայթյունից առաջ իշխանությունները կարգադրել էին տարհանել Միդլթաունի և գործարանից դեպի հարավ-արևմուտք մոտ 8 կմ շառավղով տարածքի բնակիչներին։
Արտակարգ իրավիճակների կառավարման դաշնային գործակալությունը տարհանվածներին մինչև ուրբաթ ժամանակավոր կացարան է տրամադրել հյուրանոցներում։
Զինվորականները պնդում էին, որ պաշտպանական կառույցների և ջրի ցողման համակարգերի կիրառմամբ վերահսկվող պայթյունն ավելի անվտանգ է, քան ինքնաբերական պայթյունի վտանգը։ Պայթյունի վայրի շուրջ ավազով պատնեշներ էին տեղադրել, պատրաստել էին ջրային վարագույրներ և մասնիկները որսալու համար նախատեսված այլ միջոցներ։
Գործողությունից հետո մասնագետները պետք է հողի, մակերևութային ջրերի և տարբեր մակերեսների աղտոտվածության նմուշներ վերցնեն։ Եթե բնակելի տարածքներում կապարի պարունակությունը գերազանցի բանակի սահմանած՝ միլիոնի հաշվով 200 մաս շեմը, պետությունը խոստանում է մաքրման աշխատանքներն իրականացնել իր հաշվին։
Սակայն պայթյունից առաջ տեղի բնակիչները դժգոհում էին ոչ բավարար նախազգուշացումից և մտահոգված էին իրենց ընտանիքների առողջությամբ։ Ոմանք շտապ փոխում էին Գոհաբանության օրվա ծրագրերը, կպչուն ժապավենով փակում պատուհանների ճեղքերը և ծածկում այգիները։ Ֆերմերները նաև հողի նմուշներ էին հավաքում՝ հետագայում կապարի խտությունը ելակետային ցուցանիշների հետ համեմատելու համար։
Կապարն ուժեղ նեյրոտոքսին է, որի ազդեցության անվտանգ մակարդակ գոյություն չունի։ Հատկապես խոցելի են երեխաները. կապարի հետ շփումը կապված է ուսուցման խանգարումների, վերարտադրողական խնդիրների և առողջության համար այլ անբարենպաստ հետևանքների հետ։ Հողում հայտնված կապարի մասնիկները կարող են այնտեղ մնալ անորոշ ժամանակով, եթե ֆիզիկապես չհեռացվեն։
Մասնագետների տվյալներով՝ կապարի ազիդի պաշարը գործարան է տեղափոխվել 2009 թվականին։ Այդ նյութի օգտագործումից աստիճանաբար հրաժարվել են մոտ 15 տարի առաջ։
<!—>
Հասանելի է
[—>русский
Թեմա
Քիմիական ՎտանգՇրջակա միջավայրԱռողջապահություն
Կազմակերպություն
Տեղադրություն
