Ահասարսուռ պատմություն. ինչպես մոր կողմից լքված նորածինը հրաշքով փրկվեց

Օգոստոսի 10-ին՝ ժամը 20:43-ին, ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցի 13 շենքի մոտ շորի մեջ փաթաթված նորածին երեխա կա։
Երեխային գտել է բնակիչներից Նարեկ Պետրոսյանը, ապա ահազանգել Շտապօգնություն և ոստիկանություն։ Թե ովքեր են երեխայի ծնողները, և ովքեր են նրան բերել այդ բակ, դեռ հայտնի չէ։
Հալաբյան 13 հասցեում քննիչներն ու ոստիկանության ծառայողներն այսօր էլ շարունակում էին իրենց աշխատանքը։ Ստուգում էին տարածքի տեսախցիկները։ Քննչական կոմիտեից 24News-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն։ Ներքին գործերի նախարարությունից էլ մեզ հայտնեցին, որ երեխայի ծնողներին հայտնաբերելու անհրաժեշտ բոլոր միջոցառումները դեռ շարունակվում են։
Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի նորածնային ծառայության ղեկավար Արշակ Ջերջերյանն ասում է, որ երբ երեխան իրենց մոտ է տեղափոխվել, վիճակը գնահատվել է ծանր։
Հիմա երեխայի ջերմաստիճանը նորմալ է, սակայն դեռ շնչառական անբավարարություն ունի։ Նրա գնահատմամբ, երեխան մոտ 5 ժամվա ծնված է եղել, երբ իրեն գտել են։ Այս պահին կյանքին վտանգ չի սպառնում։
Աղբյուր՝ 24News.am
