Ադրբեջանն ու հայ բնապահպանները․ ինչո՞ւ են համընկնում Ամուլսարի դեմ հնչող պահանջները. Armlur.am

Հայաստան17:00 | նոյեմբերի 2, 2026Ադրբեջանն ու հայ բնապահպանները․ ինչո՞ւ են համընկնում Ամուլսարի դեմ հնչող պահանջները. Armlur.am
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Երևանում անցկացվող COP17 համաժողովը, որը պետք է դառնար Հայաստանի բնապահպանական քաղաքականությունն ու կենսաբազմազանության պահպանությանն ուղղված նախաձեռնությունները ներկայացնելու միջազգային հարթակ, վերածվեց նաև Հայաստանի խոշորագույն տնտեսական ծրագրերից մեկի՝ Ամուլսարի դեմ տեղեկատվական արշավի հերթական առիթի, գրում է Armlur.am–ը։
Կայքը գրում է. «Ուշագրավ է, որ Ամուլսարի դեմ ուղղված քննադատությունը գրեթե միաժամանակ ակտիվացավ երկու տարբեր ուղղություններով՝ ադրբեջանական տեղեկատվական հարթակներում և Հայաստանի որոշ բնապահպանական շրջանակներում։ Երկու տարբեր միջավայրերում հնչող հայտարարությունները նույնն են իրենց հռետորաբանությամբ և բովանդակությամբ։
Երկու դեպքում էլ շահագործվող հանքավայրը ներկայացվում է որպես բնապահպանական սպառնալիք, կասկածի տակ է դրվում Հայաստանի բնապահպանական քաղաքականության հետևողականությունը, իսկ միջազգային պարտավորությունների թեման օգտագործվում է Ամուլսարի շահագործման դեմ փաստարկներ ներկայացնելու համար։ Ադրբեջանական տեղեկատվական հարթակների դեպքում բնապահպանական հարցերի քաղաքականացումը նոր երևույթ չէ։
Հայաստանի տնտեսության շարժիչը՝ հանքարդյունաբերությունը պարբերաբար հայտնվում է ադրբեջանական քննադատությունների թիրախում, ներկայացվում է որպես տարածաշրջանի էկոլոգիական անվտանգության սպառնալիք՝ փորձելով միջազգային մակարդակում ձևավորել Հայաստանի նկատմամբ բացասական վերաբերմունք և խոչընդոտել տնտեսության այս կարևոր ճյուղի գործունեությունը։ Հենց նույն ժամանակահատվածում Հայաստանի որոշ բնապահպանական ակտիվիստներ COP17-ի օրերին կրկին ակտիվացրին հանքի շահագործման դեմ պայքարը՝ օգտագործելով միջազգային համաժողովի ընձեռած հանրային ուշադրությունը։ Հատկանշական է նաև քննադատության ընտրովի բնույթը։ COP17-ի շրջանակում քննարկվում էին տնտեսական զարգացման և կենսաբազմազանության պահպանության համատեղելիության հարցերը։ Սակայն բնապահպանական խնդիրների վերաբերյալ համապարփակ և կառուցողական քննարկման փոխարեն որոշ ակտիվիստների ուշադրությունը կրկին կենտրոնացավ բացառապես Ամուլսարի վրա՝ այն դարձնելով բողոքի և քննադատության հիմնական թիրախ։
Նման ընտրովի մոտեցումը հարց է առաջացնում՝ արդյո՞ք պայքարի իրական նպատակը բնապահպանական խնդիրների լուծումն է, թե՞ կոնկրետ տնտեսական ծրագրի իրականացումը խոչընդոտելը։ Եթե պայքարի նպատակը բնապահպանական ռիսկերի նվազեցումն է, ապա ինչո՞ւ նույն հետևողականությամբ չեն բարձրաձայնվում ոլորտի մյուս ծրագրերի նկատմամբ պահանջները։ Ինչո՞ւ է հանրային պայքարի կենտրոնում հատկապես այն նախագիծը, որի գործարկումը Հայաստանի համար նշանակում է հարյուրավոր միլիոն դոլարների ներդրումներ, հազարավոր աշխատատեղերի ստեղծման հեռանկար, պետական բյուջեի լրացուցիչ եկամուտներ և համայնքների տնտեսական զարգացում։
Առավել ուշագրավ է այն հանգամանքը, որ Ամուլսարի նախագիծն անցել է բնապահպանական և տեխնիկական բազմաթիվ ուսումնասիրություններ ու փորձաքննություններ, իսկ դրա նախագծման և իրականացման ընթացքում ներդրվել են ժամանակակից տեխնոլոգիական լուծումներ և բնապահպանական ռիսկերի կառավարման համակարգեր։
Եվ այնուամենայնիվ, քննադատության առանցքում շարունակում է մնալ ոչ այնքան այդ համակարգերի արդյունավետության գնահատումը կամ վերահսկողության կատարելագործումը, որքան հանքավայրի շահագործումն առհասարակ դադարեցնելու պահանջը։ Սա ևս մեկ անգամ առաջ է բերում սկզբունքային հարց՝ արդյո՞ք պայքարի նպատակը բնապահպանական անվտանգության ապահովումն է, թե՞ Ամուլսարի՝ որպես Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող տնտեսական ծրագրի գործունեության կասեցումը։ Եվ այստեղ է, որ ադրբեջանական և հայկական որոշ բնապահպանական շրջանակների հռետորաբանության նմանությունն առավել ուշագրավ և մտահոգիչ է դառնում։
Մի դեպքում Հայաստանի տնտեսական ծրագրերի նկատմամբ ճնշումը տեղավորվում է արտաքին քաղաքական շահերի տրամաբանության մեջ, մյուս դեպքում՝ ներկայացվում է որպես բնապահպանական պայքար։ Սակայն երկու ուղղություններով հնչող՝ Ամուլսարի շահագործումը դադարեցնելու պահանջի իրականացումը կունենար նույն տնտեսական հետևանքը՝ Հայաստանի խոշոր ներդրումային ծրագրերից մեկի կասեցումը, ներդրումային հեղինակության խաթարումը։ Այն, որ ադրբեջանական կողմի շարժառիթները հստակ են, քննարկման ենթակա չէ։ Սակայն հարց է առաջանում՝ իսկ իրականում ո՞ւմ շահերն են հետապնդում բնապահպանական որոշ շրջանակներ Հայաստանում, որտեղից է գալիս նրանց ֆինանսավորումը։ Որովհետև ի տարբերություն հանքարդյունաբերական ընկերությունների, նման բնապահպանական ՀԿ-ների, նախաձեռնությունների ֆինանսավորման աղբյուրներն այդպես էլ հանրայնորեն հասանելի չեն դառնում։
Բնապահպանական վերահսկողությունը և տնտեսական զարգացումը միմյանց հակադիր նպատակներ չեն։ Հայաստանը պետք է ունենա և՛ խիստ բնապահպանական պահանջներ, և՛ զարգացող արդյունաբերություն, և՛ միջազգային ներդրումներ։ Իսկ երբ բնապահպանական պայքարի վերջնական պահանջը ոչ թե անվտանգության չափանիշների պահպանումն ու վերահսկողության ուժեղացումն է, այլ տնտեսական խոշոր ծրագրի դադարեցումը, անհրաժեշտ է քննարկել նաև այդ պահանջի իրական շարժառիթները։ Ի վերջո, կարևոր է ոչ միայն այն, թե ինչ կարգախոսներով է իրականացվում պայքարը, այլև այն, թե ում շահերին է ծառայում դրա պահանջած արդյունքը»։
Տեղադրություն
Պատմություն
Թեմա
Աղբյուրը՝ NEWS.am
