Սկանդինավյան բարձր նորաձևության կրծքազարդեր․ ինչ զարդեր էին ստեղծում վիկինգները

Սկանդինավյան բարձր նորաձևության կրծքազարդեր․ ինչ զարդեր էին ստեղծում վիկինգները

Հնագիտություն02:37 | նոյեմբերի 29, 2026Սկանդինավյան բարձր նորաձևության կրծքազարդեր․ ինչ զարդեր էին ստեղծում վիկինգները
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Սկանդինավյան բարձր նորաձևության կրծքազարդեր․ ինչ զարդեր էին ստեղծում վիկինգները<!—>

]—>

Օվալաձև ֆիբուլաները՝ վերնազգեստի ճարմանդները, վիկինգների դարաշրջանի տարածված զարդերից էին, որոնք, ընդունված պատկերացման համաձայն, զանգվածաբար պատրաստվում էին ստանդարտ նմուշներով։ Սակայն նոր հետազոտությունը ցույց է տվել, որ այս իրերը կարող էին շատ ավելի անհատական լինել, իսկ դրանք պատրաստող վարպետները՝ ստեղծագործ և տարբեր տեխնիկաների տիրապետող։

Հետազոտությունը հրապարակվել է Antiquity ամսագրում։ Դրա հեղինակ Դերեկ Փարրոթը՝ Դանիայի Օրհուսի համալսարանից, ստեղծել է Հյուսիսային Եվրոպայի տարբեր հատվածներում հայտնաբերված 105 ֆիբուլաների բարձր ճշգրտության եռաչափ մոդելներ։ Նա դրանք համեմատել է նման զարդերի արտադրության կարևորագույն կենտրոններից մեկում՝ Ռիբեում հայտնաբերված ձուլման կաղապարների 244 բեկորների հետ։

Սկանդինավյան քաղաքային բնակավայրերում հայտնաբերվել են ֆիբուլաների ձուլման կաղապարների տասնյակ հազարավոր բեկորներ։ Սա հնագետներին հանգեցրել է այն եզրակացության, որ այդ զարդերը վիկինգների դարաշրջանի առաջին զանգվածային արտադրանքներից էին․ դրանք պատրաստվում էին համեմատաբար էժան և միասնական չափանիշներով։

Սակայն պատրաստի զարդերը ձուլման կաղապարների հետ համադրելը հեշտ չէ։ Բազմաթիվ կաղապարներ պահպանվել են միայն բեկորների տեսքով, իսկ դրանց մակերեսը վնասվել և այրվել է ձուլման ընթացքում։ Բարձր ճշգրտության 3D մոդելավորումը հետազոտողին հնարավորություն է տվել մանրամասն ուսումնասիրել կաղապարների վրա պահպանված զարդերի հակադարձ դրոշմները և առաջին անգամ դրանք համեմատել առանձին ֆիբուլաների հետ։

Արդյունքն անսպասելի էր․ Փարրոթին հաջողվել է համապատասխանություն գտնել ընդամենը հինգ ֆիբուլաների և կաղապարների 58 բեկորների միջև։

«Հաշվի առնելով, որ հնագետները հաճախ այս առարկաները դիտարկում էին որպես զանգվածային արտադրության էժան իրեր, համընկնումների այդքան փոքր թիվն անսպասելի էր», — նշել է հետազոտողը։

Գիտնականի կարծիքով՝ արդյունքները վկայում են, որ ֆիբուլաներն այնքան էլ ստանդարտացված չէին, որքան նախկինում ենթադրվում էր։ Դրանք կարող էին պատրաստվել սկանդինավյան աշխարհի ամենատարբեր վայրերում, այլ ոչ միայն մասնագիտացված քաղաքային արհեստանոցներում։

Նույնիսկ այն հինգ զարդերը, որոնք հաջողվել է համադրել ձուլման կաղապարների հետ, ունեին զարդանախշի անհատական առանձնահատկություններ։ Սա ցույց է տալիս, որ Ռիբեի վարպետները նույնպես չէին հետևում մեկ միասնական ու անփոփոխ նմուշի։

«Վիկինգների դարաշրջանի արհեստավորները կիրառում էին բազմազան տեխնիկաներ և մեծ հնարամտություն էին դրսևորում։ Նրանք ոչ թե պարզապես ձգտում էին արագորեն էժան իրեր արտադրել, այլ յուրօրինակ առարկաներ էին ստեղծում բարդ կառուցվածք ունեցող արհեստավորական համայնքներում», — ընդգծել է Փարրոթը։

Այսպիսով, ֆիբուլաների՝ որպես զանգվածային արտադրության էժան զարդերի մասին ընդունված պատկերացումը վերանայման կարիք ունի։ Նույնիսկ ստանդարտ ձև ունեցող իրերը կարող էին զգալիորեն տարբերվել ձևավորմամբ՝ արտացոլելով վարպետների անհատական մոտեցումը։

«Վիկինգների դարաշրջանի սկանդինավցիներն արագ նորաձևությամբ չէին հրապուրվում», — եզրափակել է հետազոտողը։

<!—>

Հասանելի է

[—>русский

Թեմա

ՀնագիտությունՎիկինգների դարաշրջան

Օբյեկտ

Արտեֆակտներ