Ստամբուլի արվարձանում մեկ օր շարունակ առյուծ էին որոնում, սակայն իշխանությունները հայտնել են, որ այն գոյություն չունի

Պատահարներ22:09 | նոյեմբերի 24, 2026Ստամբուլի արվարձանում մեկ օր շարունակ առյուծ էին որոնում, սակայն իշխանությունները հայտնել են, որ այն գոյություն չունի
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Ստամբուլի իշխանությունները դադարեցրել են էգ առյուծի որոնումները, որի հայտնվելը խուճապ էր առաջացրել արվարձանների բնակիչների շրջանում՝ հայտարարելով, որ կենդանին, հավանաբար, ո՛չ առյուծ էր, ո՛չ էլ խոշոր կատվազգիների որևէ այլ տեսակի ներկայացուցիչ, հաղորդում է Associated Press-ը։
Որոնումները սկսվել էին, երբ կենդանուն, ենթադրաբար, նկատել էին Ուսքոմրուքյոյ հեղինակավոր թաղամասում։ Ստամբուլի նահանգապետը մոբիլիզացրել էր կենդանիների պաշտպանության մասնագետներին, ոստիկանությանը և բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումներին։ Իշխանությունները նաև երկու տեսանյութ էին հրապարակել, որոնցում կենդանին շրջում է թաղամասում։
Բնակիչներին կոչ էին արել մնալ տանը, իսկ քաղաքից հյուսիս գտնվող՝ 54 քառակուսի կիլոմետր տարածք զբաղեցնող Բելգրադյան անտառը փակել էին այցելությունների համար։
Սակայն երկուշաբթի երեկոյան իշխանությունները փոխեցին իրենց դիրքորոշումը։ Պաշտոնական հայտարարության մեջ ասվում էր, որ նոր կադրերն ուսումնասիրելուց հետո մասնագետները եզրակացրել են՝ նկատված կենդանին «առյուծ կամ խոշոր կատվազգիների որևէ այլ տեսակի ներկայացուցիչ չէ»։
«Տարածքն ուսումնասիրվել է օդից՝ ջերմատեսիլ խցիկներով հագեցած անօդաչու սարքի միջոցով, ինչպես նաև մեր ցամաքային խմբերի կողմից։ Բացի դրանից, օգտագործվել են խայծեր և շարժման տվիչներով ֆոտոթակարդներ»,- հայտնել են նահանգապետի աշխատակազմից։
Միևնույն ժամանակ որոնողական աշխատանքները որևէ համոզիչ ապացույց չեն տվել, որ այս տարածքում առյուծ կա։
Պաշտոնական վարկածի կտրուկ փոփոխությունը տարակուսանք է առաջացրել բնակիչների և սոցիալական ցանցերի օգտատերերի շրջանում։ Շատերը սկսել են գուշակել, թե ինչ կենդանու կարող էին շփոթել էգ առյուծի հետ։ Ոմանք ենթադրել են, որ դա խոշոր շուն է եղել։ Մյուսները տնային կատուներով զվարճալի տեսանյութեր էին հրապարակում՝ հարցնելով, թե արդյոք իշխանությունները նրանց չեն փնտրում։
Նույնիսկ նահանգապետի աշխատակազմի հայտարարությունից հետո տեղական լրատվամիջոցները ևս մեկ տեսանյութ են հրապարակել, որում կենդանին դուրս է գալիս թփերից, և ընթերցողներին առաջարկել են ինքնուրույն որոշել՝ արդյոք դա կարո՞ղ է առյուծ լինել։
Հասանելի է
Թեմա
Տեղադրություն
