Էստոնիայի վարչապետը պարզաբանել է Ռուսաստանի հետ սահմանը փակելու պատճառը
Սահմանային անվտանգություն19:46 | նոյեմբերի 24, 2026Էստոնիայի վարչապետը պարզաբանել է Ռուսաստանի հետ սահմանը փակելու պատճառը
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
]—>
Էստոնիան փակել է Ռուսաստանի հետ ավտոճանապարհային սահմանային անցակետերը՝ դիվերսիաների և անվտանգության այլ սպառնալիքների վտանգը նվազեցնելու նպատակով։ Սահմանափակումները կգործեն այնքան ժամանակ, մինչև իրավիճակը բարելավվի, «Ռադիո 4»-ին տված հարցազրույցում հայտարարել է Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միխալը։
Ըստ կառավարության ղեկավարի՝ վերջին տարիներին Էստոնիայի տարածքում շուրջ 12 հարձակում է տեղի ունեցել, որոնք, ինչպես պնդում են Էստոնիայի իշխանությունները, կազմակերպվել են Ռուսաստանի պատվերով։ Միխալն ընդգծել է, որ կառավարությունը երկար ժամանակ զսպվածություն է դրսևորել՝ նախքան ավտոճանապարհային անցակետերն ամբողջությամբ փակելու որոշում ընդունելը։
Սկզբում Էստոնիան կրճատել է անցակետերի աշխատանքային ժամերը, այնուհետև խստացրել մաքսային հսկողությունը, ներառյալ՝ հայտնաբերելու այն ապրանքները, որոնք փորձում են Ռուսաստան տեղափոխել՝ շրջանցելով պատժամիջոցները։ Սակայն այդ միջոցները, ըստ վարչապետի, չեն հանգեցրել սպառնալիքի նվազմանը։
«Այժմ մեր տարածքում արդեն տասներկուերորդ հարձակումն է տեղի ունեցել։ Եվ մենք միակը չենք։ Տեսեք, թե ինչ է կատարվում Կենտրոնական Եվրոպայում»,- հայտարարել է Միխալը՝ հիշատակելով Գերմանիայի Լայպցիգ քաղաքի օդանավակայանի մոտ պայթուցիկով անօդաչու թռչող սարքի հայտնաբերումը։
Վարչապետը նշել է, որ սահմանի փակումը չի կարող լիովին կանխել նոր դիվերսիաները, սակայն պետք է նվազեցնի դրանց իրականացման հավանականությունը։ Ըստ նրա՝ սահմանային անցակետերը կարող են օգտագործվել ռուսական հատուկ ծառայությունների կողմից մարդկանց հավաքագրելու և հարձակումների համար անհրաժեշտ միջոցներ տեղափոխելու նպատակով։
Միխալը նշել է որոշումը վերանայելու երկու հիմնական պայման՝ Էստոնիայում հարձակումների և Եվրոպայում հիբրիդային գրոհների դադարեցումը, որոնք իշխանությունները կապում են Ռուսաստանի հետ, ինչպես նաև Էստոնիայի քաղաքացիներին և երկրից ժամանող այլ անձանց ռուսական հատուկ ծառայությունների հետ համագործակցության դրդելու փորձերի դադարեցումը։
Վեց ամիս անց կառավարությունը կգնահատի՝ արդյոք փոխվել է անվտանգության իրավիճակը, և հնարավոր է արդյոք վերաբացել ավտոճանապարհային անցակետերը։ Միաժամանակ վարչապետն ընդգծել է, որ նախապես սահմանված չափանիշների ցանկ չկա. որոշումը կախված կլինի սպառնալիքների ընդհանուր գնահատականից։
Սահմանի փակումը կանդրադառնա սահմանամերձ շրջանների բնակիչների վրա։ Տեղական ինքնակառավարման մարմինների նախնական գնահատականներով՝ Նարվան և Սետոմաան տարեկան կարող են կորցնել 500 հազարից մինչև 600 հազար եվրո։ Կառավարությունը մտադիր է աջակցության միջոցառումների փաթեթ պատրաստել Էստոնիայի հարավ-արևելքի և Իդա-Վիրումաայի համար։ Տարածաշրջանային հարցերի նախարար Հենդրիկ Յոհաննես Տեռասի նախնական գնահատմամբ՝ այդ միջոցառումների համար կարող է մի քանի միլիոն եվրո պահանջվել։
Էստոնիայի և Ռուսաստանի միջև երկաթուղային անցակետն առայժմ բաց կմնա։ Միխալը հայտարարել է, որ դրա փակումը կարող է դառնալ հաջորդ քայլը, եթե նման անհրաժեշտություն առաջանա։ Առայժմ այն ձեռնարկությունները, որոնց անհրաժեշտ է բեռներ տեղափոխել երկաթուղով, կկարողանան շարունակել աշխատանքը։
Էստոնիան նաև հարևան երկրներին և դաշնակիցներին տեղեկացնում է հարձակումների ու անվտանգության միջոցառումների մասին։ Ըստ Միխալի՝ վերջին երկու միջադեպերի քննությանը մասնակցել են Լատվիայի հատուկ ծառայությունները, իսկ կասկածյալները ձերբակալվել են և կալանքի տակ են։
Վարչապետը կարծում է, որ Ռուսաստանը ձգտում է ոչ միայն վնաս հասցնել պաշտպանական արդյունաբերությանը և խոչընդոտել Ուկրաինային օգնության մատակարարումները, այլև պառակտել եվրոպական հասարակությունները՝ խաթարելով պետության նկատմամբ քաղաքացիների վստահությունն ու անվտանգության զգացումը։
Հասանելի է
Թեմա
Սահմանային անվտանգությունՔաղաքականություն
Տեղադրություն
