Դ’Արտանյանի զոհվելու վայրում հնագույն զրահ են հայտնաբերել

Դ’Արտանյանի զոհվելու վայրում հնագույն զրահ են հայտնաբերել

Հնագիտություն07:09 | նոյեմբերի 17, 2026Դ’Արտանյանի զոհվելու վայրում հնագույն զրահ են հայտնաբերել
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Դ’Արտանյանի զոհվելու վայրում հնագույն զրահ են հայտնաբերել<!—>

]—>

Նիդեռլանդներում դպրոցի շինարարության մեկնարկից առաջ հնագետները հայտնաբերել են սաղավարտ, զրահի բեկոր, գերեզման և խրամատ, որոնք, հավանաբար, կապված են XVI կամ XVII դարի պաշարումների հետ։ Գտածոները հայտնաբերվել են Մաաստրիխտում, որտեղ նախատեսվում է կառուցել Սինտ Մարտենս քոլեջն ու գիմնազիա։

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ այս մնացորդները քաղաքի պատմական պաշտպանական կառույցների սահմաններից դուրս են։ Դրանց տեղադրությունը կարող է օգնել հետազոտողներին ուսումնասիրելու, թե ռազմական գործողություններն ինչպես են ազդել ամրացված կենտրոնից դուրս տարածքների վրա, գրում է Arkeonews-ը։

Հոկտեմբերին հնագետները շինհրապարակի տարածքում բացել են 11 հետախուզական պեղափոս, որոնցից յուրաքանչյուրի մակերեսը կազմել է մոտ 100 քառակուսի մետր։ Բացի գերեզմանից և ենթադրյալ պաշարողական խրամից, նրանք հայտնաբերել են փոս, սայլի անիվների հետքեր և դաշտային վառարան։

Սաղավարտն ու զրահի բեկորը կարևորագույն գտածոներից են։ Դրանց տարիքն ու ծագումը դեռևս չեն պարզվել։ Հետագա ուսումնասիրությունների նպատակով քաղաքապետարանն ընդլայնել է պեղումների տարածքը։ Սպասվում է, որ աշխատանքները կավարտվեն մինչև Սուրբ Ծնունդ։

Մաաս գետի գետանցի մոտ գտնվելու շնորհիվ Մաաստրիխտը դարձել է կարևոր ռազմական ամրոց։ Իսպանական, նիդեռլանդական և ֆրանսիական զորքերը ձգտում էին տիրել քաղաքին, որտեղ դեռևս 1567 թվականին մշտական կայազոր էր տեղակայվել, հաղորդում է «Ֆոկուսը»։ Հետագա դարերի ընթացքում քաղաքի պաշտպանական կառույցներն ընդլայնվել են՝ Մաաստրիխտը վերածելով Եվրոպայի խոշորագույն ամրացված քաղաքներից մեկի։

Քաղաքը մի քանի խոշոր պաշարում է վերապրել։ 1579 թվականին իսպանական զորքերը Պարմայի դուքս Ալեսանդրո Ֆարնեզեի հրամանատարությամբ ավելի քան երեք ամիս պաշարել են Մաաստրիխտը։ Քաղաքն ընկել է հունիսի 29-ին, իսկ դրա գրավումն ուղեկցվել է թալանով և մարդկային մեծ կորուստներով։

1632 թվականին Նիդեռլանդական Հանրապետության զորքերը Ֆրեդերիկ Հենրիկի հրամանատարությամբ կրկին պաշարել են Մաաստրիխտը։ Քաղաքը հանձնվել է օգոստոսին, ինչն ավարտ է դրել իսպանական տիրապետությանը և այն վերածել հանրապետության հարավային սահմանի ռազմավարական ամրոցի։

Հաջորդ պաշարումը, որը տեղի է ունեցել 1673 թվականին, Մաաստրիխտը կապել է ֆրանսիական գրականության պատմության ամենահայտնի կերպարներից մեկի հետ։ Լյուդովիկոս XIV-ը մեծաքանակ զորքով հարձակվել է քաղաքի վրա՝ կիրառելով ռազմական ինժեներ Սեբաստիեն Լը Պրետր դը Վոբանի մշակած պաշարման մեթոդները։

Մարտերի ընթացքում զոհվել է Շառլ դը Բաց դը Կաստելմորը, որն առավել հայտնի է որպես դ’Արտանյան։ Նրա կյանքը հետագայում ոգեշնչել է Ալեքսանդր Դյումային՝ ստեղծելու իր հայտնի վեպերի հերոսին։

1676 թվականին հոլանդական զորքերը փորձել են հետ գրավել Մաաստրիխտը, սակայն փորձն անհաջողությամբ է ավարտվել, և քաղաքը որոշ ժամանակ մնացել է ֆրանսիացիների վերահսկողության տակ։

Առայժմ պարզ չէ՝ արդյոք վերջերս հայտնաբերված առարկաները կապված են այս հարձակումներից որևէ մեկի հետ։ Հետագա պեղումները կարող են օգնել պարզելու, թե կոնկրետ երբ են սաղավարտը, զրահն ու խրամատը թողնվել այս վայրում։

Հասանելի է

русский

Թեմա

ՀնագիտությունՊատմություն

Տեղադրություն

Նիդերլանդներ

Աղբյուրը՝ NEWS.am