Ինչպես է առաջացել սոցիալական անհավասարությունը նախապատմական Եվրոպայում. գիտնականներն ուսումնասիրել են մինչև 5 հազար տարվա վաղեմության թաղումներ

Հնագիտություն02:39 | նոյեմբերի 16, 2026Ինչպես է առաջացել սոցիալական անհավասարությունը նախապատմական Եվրոպայում. գիտնականներն ուսումնասիրել են մինչև 5 հազար տարվա վաղեմության թաղումներ
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Կենտրոնական Եվրոպայի նախապատմական հասարակություններում սոցիալական անհավասարությունն առաջացել է աստիճանաբար, իսկ տափաստաններից անասնապահների գաղթին հաջորդած առաջին դարերում սոցիալական կարգավիճակը, ըստ երևույթին, ավելի շատ կախված է եղել կյանքի ընթացքում մարդու ձեռքբերումներից, քան ժառանգությունից։ Այս եզրակացությանն են եկել Կոպենհագենի համալսարանի հետազոտողները՝ ուսումնասիրելով լարազարդ խեցեղենի մշակույթի գրեթե 300 թաղում ժամանակակից Չեխիայի տարածքում։
Հետազոտությունը հրապարակվել է Journal of Neolithic Archaeology ամսագրում։ Մարդկանց հարստությունն ու սոցիալական դիրքը գնահատելու համար գիտնականները կիրառել են հնագետ Միկել Նյորթոֆթի մշակած QuantWealth մեթոդը, որը թույլ է տալիս համադրել թաղումների տարբեր հնագիտական հատկանիշները։ Հետազոտողները նաև ուսումնասիրել են հանգուցյալների գենետիկական ծագումը, Y քրոմոսոմների առանձնահատկությունները, տարիքը, սեռը և ոսկորների վրա հիվանդությունների հետքերը։
Լարազարդ խեցեղենի մշակույթը Կենտրոնական Եվրոպայում գոյություն է ունեցել մ.թ.ա. III հազարամյակում։ Տափաստանային շրջաններից եկածների գաղթը նպաստել է Եվրոպայում վաղ հնդեվրոպական բարբառների տարածմանը։ Սակայն այն հարցը, թե արդյոք վերաբնակիչներն իրենց հետ բերել են խիստ սոցիալական հիերարխիա և նահապետական կարգեր, երկար ժամանակ քննարկումների առարկա է մնացել։
«Մեր արդյունքները ցույց են տալիս շատ ավելի դինամիկ պատկեր. սոցիալական տարբերությունները ձևավորվել են աստիճանաբար։ Առնվազն առաջին 400 տարիներին կյանքի ընթացքում կատարած արարքների և ձեռքբերումների շնորհիվ կարգավիճակ ստանալը, ըստ երևույթին, ավելի մեծ նշանակություն է ունեցել, քան ժառանգումը», — պարզաբանել է Նյորթոֆթը։
Գիտնականները վերլուծել են մ.թ.ա. մոտ 2900–2300 թվականներով թվագրվող 296 թաղում։ Վաղ շրջանում՝ մ.թ.ա. մոտ 2900–2700 թվականներին, անասնապահական նոր համայնքները, դատելով թաղման ծեսերից, ձգտել են ամրապնդել վերաբնակիչների միջև կապերը։ Մարդկանց թաղել են ընդհանուր ծեսերով և հողե դամբանաբլուրներ կառուցել, սակայն գերեզմաններում համեմատաբար քիչ առարկաներ են թողել։ Հարստության տարբերությունները փոքր են եղել և հիմնականում կախված են եղել տարիքից։ Իշխանությունը, հավանաբար, բաշխվել է մի քանի տոհմական ճյուղերի միջև, իսկ գենդերային անհավասարությունը մնացել է աննշան։
Իրավիճակը փոխվել է մ.թ.ա. մոտ 2700–2500 թվականներին, երբ թաղման ծեսերում մրցակցությունն ուժեղացել է, և ի հայտ է եկել նոր տոհմական ճյուղ։ Թաղումներում ավելացել են բարձր դիրքի մասին վկայող առարկաներն ու մսի ընծաները, ընդլայնվել են փոխանակման ցանցերը, իսկ տղամարդկանց և կանանց միջև տարբերությունները՝ խորացել։ Հատկապես ճոխ սկսել են թաղել չափահաս տղամարդկանց։ Միևնույն ժամանակ հետազոտողները չեն հայտնաբերել կմախքների վրա բռնության հետքերի թվի ակնհայտ աճ։
Ուշ շրջանում՝ մ.թ.ա. մոտ 2500–2300 թվականներին, ի հայտ են եկել առանձին, հատկապես հարուստ մանկական թաղումներ, իսկ նոր տոհմական ճյուղը սկսել է գերակշռել թաղումներում։ Գիտնականների կարծիքով, սա կարող է վկայել ժառանգվող հարստության դերի մեծացման և ավելի կայուն սոցիալական անհավասարության ձևավորման սկզբի մասին։
Ամենաուշագրավ օրինակներից մեկը Չախովիցեում հայտնաբերված մի աղջկա գերեզմանն է՝ Բոհեմիայում ուսումնասիրված բոլոր թաղումներից ամենահարուստը։ Թաղման առարկաների թվում հայտնաբերվել է պղնձե հազվագյուտ պարանոցային օղակ, որը հիշեցնում է տորկերը՝ զարդեր, որոնք ավելի ուշ դարաշրջաններում եվրոպական հասարակություններում դարձել են բարձր դիրքի խորհրդանիշ։
Հետազոտողները ենթադրում են, որ ճոխ զարդերը կարող էին բարձրացնել երեխաների սոցիալական արժեքը ապագա ամուսնական դաշինքների համատեքստում։ Լարազարդ խեցեղենի մշակույթի հասարակություններում կանայք ամուսնությունից հետո հաճախ տեղափոխվում էին ամուսնու տուն, իսկ օժիտի և հարսնագնի հասկացությունները հայտնի են նաև վաղ հնդեվրոպական լեզվական ավանդույթից։ Սակայն այս մեկնաբանությունը մնում է վարկած։
Պարզելու համար, թե արդյոք փոփոխությունները հանգեցրել են ավելի ուշ դարաշրջաններին բնորոշ կայուն ընտանեկան դինաստիաների առաջացմանը, անհրաժեշտ են լարազարդ խեցեղենի մշակույթի և դրան ազգակից զանգակաձև գավաթների մշակույթի լրացուցիչ հետազոտություններ։ Գիտնականները նաև նշում են, որ տոհմական ճյուղերի և հարստության բաշխման միջև կապը հաստատելու համար անհրաժեշտ են նոր գենետիկական տվյալներ։
<!—>
Հասանելի է
[—>русский
Թեմա
ՀնագիտությունՆեոլիթՀասարակություն
Տեղադրություն
Աղբյուրը՝ NEWS.am
