Վրաստանը Ռուսաստանը շրջանցող տրանսպորտային միջանցք է զարգացնում. դեպի Անակլիա նավահանգիստ երկաթուղի կկառուցվի

Տնտեսություն14:05 | նոյեմբերի 15, 2026Վրաստանը Ռուսաստանը շրջանցող տրանսպորտային միջանցք է զարգացնում. դեպի Անակլիա նավահանգիստ երկաթուղի կկառուցվի
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
«Վրացական երկաթուղին» միջազգային մրցույթ է հայտարարել երկաթուղային գծի կառուցման համար, որը Անակլիայի խորջրյա նավահանգիստը կմիացնի ազգային տրանսպորտային ցանցին, հայտնում է Новости-Грузия-ն։
Նախագծի արժեքը գնահատվում է մոտ 205 մլն դոլար։ Երկաթուղու նոր ճյուղը նախատեսվում է շահագործման հանձնել մինչև 2029 թվականը՝ նավահանգստի գործարկման հետ միաժամանակ։
Նախագիծը նախատեսում է Խամիսկուրի գյուղի շրջանում գործող մայրուղուց անմիջապես մինչև նավահանգիստ 17,7 կմ երկարությամբ էլեկտրիֆիկացված երկաթուղու կառուցում։ Բացի այդ, Անակլիայում կկառուցվի նոր երկաթուղային կայարան, իսկ Խոբիի կայարանը կվերակառուցվի։ Նախագծին ֆինանսական աջակցություն է ցուցաբերում Համաշխարհային բանկը։ Աշխատանքները պետք է ավարտվեն պայմանագրի ստորագրումից հետո 30 ամսվա ընթացքում։
Նոր գիծը նավահանգստի ուղիղ երկաթուղային կապ կապահովի Վրաստանի և հարևան երկրների տրանսպորտային ցանցերի հետ։ Իշխանություններն ակնկալում են, որ դա թույլ կտա մեծացնել բեռների փոխաբեռնման և տարանցման ծավալները և ամրապնդել երկրի դիրքերը Միջին միջանցքում՝ Ասիայի և Եվրոպայի միջև Ռուսաստանը շրջանցող երթուղում։
Անակլիայի խորջրյա նավահանգստի կառուցումը, որը Վրաստանի իշխանություններն անվանում են «դարի նախագիծ», հետաձգվում էր գրեթե տասը տարի։ 2020 թվականին կառավարությունը խզեց վրաց-ամերիկյան կոնսորցիումի հետ ներդրումային համաձայնագիրը, որից հետո նախագծի իրականացումը փաստացի կանգ առավ։
Իշխանությունները նավահանգստի զարգացմանը վերադարձան Միջին միջանցքի աճող նշանակության պայմաններում։ 2026 թվականի հուլիսին կառավարությունը ներկայացրեց նախագծի թարմացված մոդելը՝ «լենդլորդ» սկզբունքով. պետությունը կառուցում է հիմնական ենթակառուցվածքները, իսկ առանձին տերմինալները նախատեսվում է երկարաժամկետ վարձակալությամբ հանձնել միջազգային օպերատորներին։ Այս մոտեցումը տարբերվում է սկզբնական սխեմայից, որը ենթադրում էր մեկ մասնավոր ներդրողի մասնակցություն։
Նախագծի առաջին փուլի համար կառավարությունը մտադիր է ներգրավել մոտ 200 մլն դոլարի միջազգային ֆինանսավորում։ Եվս 350–400 մլն դոլար, ըստ էկոնոմիկայի նախարարության գնահատականների, մասնավոր ընկերությունները կարող են ներդնել սարքավորումների և տերմինալների զարգացման մեջ։ Պետությունը նաև ֆինանսավորում է դեպի նավահանգիստ տանող ավտոճանապարհի և անհրաժեշտ այլ ենթակառուցվածքների կառուցումը։ Ըստ բյուջետային փաստաթղթերի, մինչև 2030 թվականը Անակլիայի զարգացման ընդհանուր ծախսերը նախատեսված են 572 մլն լարիի չափով։
Նավահանգստի առաջին փուլը նախատեսվում է ավարտել 2029 թվականին։ Նախագծային հզորության հասնելուց հետո այն կկարողանա տարեկան սպասարկել մինչև 600 հազար կոնտեյներ։ Իշխանություններն Անակլիան դիտարկում են որպես Ասիայի և Եվրոպայի միջև տարանցիկ փոխադրումների զարգացման և տարածաշրջանային լոգիստիկայում Վրաստանի դերի ամրապնդման կարևոր տարր։
Հասանելի է
Թեմա
ՏնտեսությունՄիջին միջանցքԵրկաթուղիՏրանսպորտ
Տեղադրություն
Աղբյուրը՝ NEWS.am
