Խաղաղ օվկիանոսում աշխարհի ամենաանաղարտ էկոհամակարգերից և գիտությանը անհայտ տեսակներով երկու ատոլ են հայտնաբերել

Կենսաբազմազանություն06:53 | նոյեմբերի 13, 2026Խաղաղ օվկիանոսում աշխարհի ամենաանաղարտ էկոհամակարգերից և գիտությանը անհայտ տեսակներով երկու ատոլ են հայտնաբերել
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Մարշալյան կղզիների տարածքում գտնվող երկու ատոլները՝ հեռավոր մարջանի մանեկաձև կղզիները՝ Բիկարն ու Բոկակը, պահպանել են Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի և, հնարավոր է, ամբողջ աշխարհի ամենաանաղարտ էկոհամակարգերից մի քանիսը։ Նման եզրակացությանն են հանգել գիտնականները, որոնք ուսումնասիրել են տեղի բնությունը՝ ցամաքից ու կորալային խութերից մինչև օվկիանոսի խորքային շրջանները։
Նրանց հետազոտության արդյունքները հրապարակվել են Frontiers in Marine Science գիտական հանդեսում։

Մարջանի մանեկաձև կղզիները գտնվում են Մարշալյան կղզիների հյուսիսային մասում՝ մոտակա բնակեցված ատոլից համապատասխանաբար շուրջ 116 և 385 կիլոմետր հեռավորության վրա։ 2023 թվականին հետազոտողներն ուսումնասիրել են տեղի ծովային թռչունների պոպուլյացիաները, բուսականությունը, կրիաների բնադրման վայրերը, ձկներին և մարջանի խութերը։ Դրա համար նրանք օգտագործել են ստորջրյա տեսախցիկներ, ակվալանգներ և հետազոտական ստորջրյա սարք։
Գիտնականները հայտնաբերել են ծովային թռչունների 15 գաղութ, որտեղ թռչունները հավանաբար բազմանում են, կամ որտեղ նրանց բազմացումն արդեն հաստատվել է։ Բացի դրանից, նրանք հայտնաբերել են խութային ձկների առնվազն 266 խումբ, մեծ խորություններում բնակվող ձկների 138 խումբ և խորքային ձկների 79 խումբ։ Հետազոտողները գրանցել են նաև բաց օվկիանոսի խոշոր գիշատիչների 15 խումբ՝ ներառյալ շնաձկներն ու ստավրիդազգիները։

Հայտնաբերված ձկների խմբերից տասնչորսը նախկինում չէին գրանցվել Մարշալյան կղզիների ջրերում, իսկ երկու տեսակ, հնարավոր է, մինչ այժմ անհայտ են եղել գիտությանը։
Ատոլները տարբերվում են նաև իրենց էկոհամակարգերի կազմով։ Բիկարում գիտնականները հաշվել են կանաչ ծովային կրիաների՝ ձվադրման ժամանակ փորած 132 փոս։ Բոկակում, ընդհակառակը, խութային ձկների ընդհանուր կենսազանգվածն ավելի մեծ է եղել, իսկ մարջանի համակեցությունները զբաղեցնում են խութերի զգալի մասը։
Ըստ Հավայիի համալսարանի ծովային էկոլոգ Ալան Ֆրիդլենդերի՝ այդ տարածքները հնարավորություն են տալիս ուսումնասիրել մարդու նվազագույն ազդեցության ենթարկված էկոհամակարգերը և ավելի լավ հասկանալ, թե ինչ է կորսվել մոլորակի այլ մասերում։

2025 թվականին երկու ատոլների շուրջ ստեղծվել են երկրում առաջին ազգային ծովային արգելոցները՝ շուրջ 48 հազար քառակուսի կիլոմետր ընդհանուր մակերեսով։ Գիտնականները կարծում են, որ նման տարածքների պաշտպանությունը կօգնի պահպանել կենսաբազմազանությունը և հնարավորություն կտա հետևելու օվկիանոսային էկոհամակարգերի փոփոխություններին՝ կլիմայի փոփոխության պայմաններում։
Հետազոտողներն ընդգծում են, որ բնության արդյունավետ պահպանության համար անհրաժեշտ է ուսումնասիրել ոչ միայն ծանծաղուտային մարջանի խութերը, այլև խորքային համակեցությունները, ինչպես նաև ծովային տարբեր կենսավայրերի միջև կապերը։
<!—>
Հասանելի է
[—>русский
Թեմա
ԿենսաբազմազանությունՇրջակա միջավայրԾովային Կենսաբանություն
Տեղադրություն
Աղբյուրը՝ NEWS.am
