Պենտագոնի ղեկավարը պարգևատրել է Անհայտ զինվորի գերեզմանի մոտ իրեն դիտողություն արած զինծառայողին

Արլինգթոնի ազգային գերեզմանատուն23:09 | նոյեմբերի 12, 2026Պենտագոնի ղեկավարը պարգևատրել է Անհայտ զինվորի գերեզմանի մոտ իրեն դիտողություն արած զինծառայողին
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը զինված ուժերին մատուցած ծառայությունների համար մեդալով պարգևատրել է այն զինծառայողին, որը նրանից և նրա աշխատակազմի անդամներից պահանջել էր լռություն պահպանել և հարգանք դրսևորել Արլինգթոնի ազգային գերեզմանատան Անհայտ զինվորի գերեզմանի մոտ, հայտնում է CNN-ը։
Նախօրեին՝ նոյեմբերի 11-ին, Վետերանների օրվան նվիրված արարողությունից հետո Հեգսեթը, նրա կինը՝ Ջենիֆերը, և նախարարության մի քանի աշխատակիցներ լուսանկարվում էին հուշահամալիրի մոտ։ Երբ խումբը սկսել է հեռանալ, տեսագրության մեջ լսվում են ծիծաղ և բարձրաձայն խոսակցություններ։ Հուշահամալիրի մոտ հերթապահող զինծառայողը կանգ է առել և այցելուներին բարձրաձայն հիշեցրել լռություն պահպանելու և հարգանք դրսևորելու անհրաժեշտության մասին։
«Բոլոր այցելուները պետք է մշտապես լռություն պահպանեն և ակնածանք դրսևորեն»,- պահանջել է զինծառայողը։
Խոսքը ԱՄՆ բանակի՝ «Հին գվարդիա» անունով հայտնի 3-րդ հետևակային գնդի մասնագետի կոչում ունեցող Թոմաս Իգլեսիասի մասին է։ Նրա ստորաբաժանումը շուրջօրյա հսկում է Անհայտ զինվորի գերեզմանը։
Հինգշաբթի Հեգսեթը գնդի զինծառայողներին հրավիրել է Պենտագոն և Իգլեսիասին հանձնել Joint Service Commendation Medal մեդալը։ Պենտագոնի ներկայացուցիչը հաստատել է, որ պարգևը շնորհվել է հուշահամալիրի մոտ հերթապահության ընթացքում ծառայողական պարտականությունները կատարելու համար։
«Մենք սիրում ենք զինվորներին։ Մենք գնահատում ենք չափանիշների պահպանումը։ Հիանալի աշխատանք է, մասնագե՛տ»,- գրել է Հեգսեթը սոցիալական ցանցերում իր հրապարակման մեջ։
Պենտագոնի գլխավոր խոսնակ Շոն Փարնելն ավելի վաղ հայտարարել էր, որ զինծառայողը «ճիշտ և հարգալից կերպով բոլորին հիշեցրել է վարքականոնները պահպանելու անհրաժեշտության մասին»։
Անհայտ զինվորի գերեզմանը ԱՄՆ-ի ամենահարգված զինվորական հուշահամալիրներից մեկն է։ Այն նվիրված է զոհված այն ամերիկացի զինծառայողներին, որոնց ինքնությունը չի հաջողվել պարզել։ Հուշահամալիրի մոտ հերթապահությունը համարվում է պատվավոր պարտականություն, իսկ լռություն պահպանելու պահանջը՝ պահակային ծառայության մաս։
Հասանելի է
Տեղադրություն
Արլինգթոնի ազգային գերեզմանատուն
Թեմա
Զինված ուժերՄրցանակՔաղաքականություն
Անձ
Աղբյուրը՝ NEWS.am
