Իսրայելական քաղաքն Իրանի դեմ 65,3 մլն դոլարի հայց է ներկայացրել

Իրան20:37 | նոյեմբերի 8, 2026Իսրայելական քաղաքն Իրանի դեմ 65,3 մլն դոլարի հայց է ներկայացրել
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Իսրայելի Բաթ Յամ քաղաքի քաղաքապետարանը քաղաքացիական հայց է ներկայացրել Իրանի դեմ՝ պահանջելով բռնագանձել 208 մլն շեքել (մոտ 65,3 մլն դոլար)՝ որպես 2025 թվականի հունիսին Իսրայելի և Իրանի միջև հակամարտության ընթացքում պատճառված վնասի փոխհատուցում, հայտնում է The Times of Israel-ը։
Հայցը ներկայացվել է Թել Ավիվի շրջանային դատարան։
2025 թվականի հունիսի 15-ին իրանական հրթիռը հարվածել է Բաթ Յամի բնակելի շենքերից մեկին։ Հարվածի հետևանքով զոհվել է ինը խաղաղ բնակիչ, ևս մոտ 200 մարդ վիրավորվել է։ Լրատվամիջոցի պնդմամբ, սա 12-օրյա հակամարտության ընթացքում ամենամահաբեր առանձին հարձակումն էր։
Զոհերի թվում էին Ուկրաինայի հինգ քաղաքացիներ, որոնք 2022 թվականին տեղափոխվել էին Իսրայել՝ յոթամյա Անաստասիա Բուրիկի քաղցկեղի բուժումն ապահովելու համար։ Աղջիկը զոհվել է մոր, տատիկի և երկու զարմիկների հետ։ Մյուս զոհերի թվում էր Հոլոքոստը վերապրած Բելլա Աշքենազին։
Անցյալ շաբաթ Բաթ Յամի քաղաքապետ Ցվիկա Բրոտը փորձել է Նյու Յորքում հայցի փաստաթղթերը հանձնել իրանցի դիվանագետի։ Ynet պարբերականի տվյալներով, այս գործողության նախապատրաստումը տևել է չորս ամիս. դիտորդները հետևել են իրանական պատվիրակության տեղաշարժերին։ Գործողությանը մասնակցել են իսրայելցի և ամերիկացի պաշտոնյաներ։
X սոցիալական ցանցում հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես է Բրոտը հետիոտնային անցման մոտ մոտենում ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչության առաջին քարտուղարին և անգլերեն ասում. «Բարև ձեզ, ես Ցվիկա Բրոտն եմ՝ Բաթ Յամի քաղաքապետը։ Սա այն հայցն է, որը մենք ներկայացրել ենք ձեր երկրի դեմ»։
«Ես դիվանագետ եմ, ներեցեք», — պատասխանում է Իրանի ներկայացուցիչը՝ հեռանալով քաղաքապետից։
«Խնդրում եմ, համարեք, որ փաստաթղթերը պաշտոնապես հանձնվել են ձեզ՝ որպես ձեր կառավարության ներկայացուցչի», — ասում է Բրոտը՝ հետևելով դիվանագետին։
Նա նաև կոչ է անում դիվանագետին հրապարակավ հանդես գալ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի դեմ։
Իսրայելի օրենսդրության համաձայն, պատասխանողը պետք է ծանուցվի հայցի մասին, որպեսզի դատական վարույթը կարողանա շարունակվել։ Բաթ Յամի շահերը ներկայացնում է Shurat HaDin իրավաբանական կենտրոնը։
Ynet-ի տվյալներով, քաղաքապետարանն ակնկալում է փոխհատուցում ստանալ այն միջոցների մի մասի հաշվին, որոնք, պարբերականի պնդմամբ, Իսրայելը պարտք է Իրանին՝ 1979 թվականի Իսլամական հեղափոխությունից առաջ կնքված նավթի մատակարարման համաձայնագրերով։
Խոսքը մոտ 1,2 մլրդ դոլարի մասին է։ Ավելի վաղ Իսրայելի ֆինանսների նախարարությունը հայտարարել էր, որ մտադիր չէ Իրանին վճարել համապատասխան դատական որոշմամբ սահմանված գումարը։
Հասանելի է
Տեղադրություն
Պատմություն
Թեմա
Աղբյուրը՝ NEWS.am
