Քենիայում աղանդի առաջնորդը դատապարտվել է 200 տարվա ազատազրկման՝ 191 մարդու սպանության համար

Հանցագործություն11:33 | նոյեմբերի 7, 2026Քենիայում աղանդի առաջնորդը դատապարտվել է 200 տարվա ազատազրկման՝ 191 մարդու սպանության համար
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Քենիայի դատարանը 200 տարվա ազատազրկման է դատապարտել կրոնական աղանդի առաջնորդ Փոլ Մաքքենզիին՝ 191 մարդու սպանության համար։ Գրեթե բոլոր զոհերը երեխաներ են եղել։ Նրա հետ մեղավոր է ճանաչվել ևս 28 մարդ, հայտնում է BBC News-ը։
Դատավոր Դիանա Մոչաչեն հաստատել է, որ Մաքքենզին իր հետևորդներին հրամայել է սովամահ անել սեփական երեխաներին, որպեսզի նրանք կարողանան «հանդիպել Հիսուսին»։
Դատավորի խոսքով՝ մարդկանց սովամահ անելու կազմակերպման հիմնական պատասխանատվությունը կրում է Մաքքենզին։ Դատապարտյալների գործողությունները նա անվանել է սառնասիրտ և մանրակրկիտ ծրագրված։
Մաքքենզին դատապարտվել է 100 տարվա ազատազրկման՝ սպանությունների, և ևս 100 տարվա՝ սովամահության հետ կապված հանցագործությունների համար։ Նշանակված պատժաժամկետները նա կկրի հաջորդաբար՝ ընդհանուր առմամբ 200 տարի։ Մյուս մեղավոր ճանաչված անձինք դատապարտվել են տարբեր ժամկետներով՝ մինչև 160 տարվա ազատազրկման։
Դատախազությունը պահանջել է մահապատիժ, սակայն դատավորը հրաժարվել է այն նշանակել՝ նշելով, որ նման պատիժը կբացառեր դատապարտյալի ուղղվելու հնարավորությունը։ Քենիայում մահապատժի դատավճիռներն ի կատար չեն ածվել 1987 թվականից ի վեր։
Մաքքենզին ձերբակալվել է 2023 թվականին՝ Քենիայի ափամերձ շրջանից ոչ հեռու գտնվող Շաքահոլա անտառում զանգվածային գերեզմաններ հայտնաբերելուց հետո։ Ընդհանուր առմամբ այնտեղ արտաշիրիմվել է ավելի քան 400 դի։ Քննության տվյալներով՝ զոհերի մեծ մասը մահացել է սովից, մյուսները՝ շնչահեղձությունից, օղակով խեղդամահ լինելուց կամ գլխի վնասվածքներից։
Մաքքենզին Good News International Ministries եկեղեցին հիմնել է 2003 թվականին։ Ավելի ուշ նա սկսել է քարոզել, որ կրթությունն ու բժշկական օգնությունը հակասում են կրոնական համոզմունքներին։ 2019 թվականին եկեղեցու փակումից հետո նա տեղափոխվել է Շաքահոլա անտառ և հետևորդներին կոչ արել միանալ իրեն։
191 մարդու մահվան գործով դատավճիռը չի ներառում հայտնաբերված բոլոր զոհերին։ Մաքքենզիին նաև առանձին դատավարություն է սպասվում՝ ոչ դիտավորյալ սպանության և ահաբեկչության մեղադրանքներով, որոնք նա հերքում է։
<!—>
Հասանելի է
[—>русский
Թեմա
ՀանցագործությունԱրդարադատությունԶանգվածային սպանությունԱղանդներ
Տեղադրություն
Աղբյուրը՝ NEWS.am
