Գևորգ Պապոյանը քննարկել է Իրանի հետ գյուղատնտեսության ոլորտում համագործակցության ընդլայնումը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը օգոստոսի 13-ին Ղազախստանի Հանրապետության Ալմաթի քաղաքում անցկացվող Եվրասիական տնտեսական միության ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի յոթերորդ նիստի շրջանակում հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության գյուղատնտեսական ջիհադի նախարարի տեղակալ Աքբար Ֆաթհիի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:
Հանդիպման սկզբում Գևորգ Պապոյանը նշել է, որ Հայաստանի և Իրանի միջև գյուղատնտեսության ոլորտում առկա է համագործակցության մեծ ներուժ, հատկապես՝ բուսաբուծության, անասնաբուծության, գյուղատնտեսական արտադրանքի վերամշակման, ջերմոցային տնտեսությունների, սառնարանային և պահեստային ենթակառուցվածքների զարգացման ոլորտներում։
«Հայաստանը շահագրգռված է իրանական շուկայում մրցունակ պտուղ-բանջարեղենի, վերամշակված արտադրանքի, չրերի և այլ պարենային արտադրանքի ներկայության ընդլայնմամբ, ինչպես նաև իրանական որակյալ արտադրանքի՝ հայկական շուկա մատակարարումների զարգացմամբ»,- նշել է Գևորգ Պապոյանը։
Աղբյուր՝ 24News.am
