Տարաձայնությունները չպետք է հիմք դառնան Ռուսաստանի հետ թշնամության համար. Վրաստանի վարչապետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ քաղաքական տարաձայնությունները և անցյալի սխալները չպետք է հիմք դառնան վրացի և ռուս ժողովուրդների միջև թշնամության համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Վարչապետի խոսքով՝ հարաբերությունների պահպանումը և խաղաղ համակեցությունը զգալիորեն ավելի կարևոր են, քան ցանկացած քաղաքական իրավիճակ կամ ոչ ֆորմալ օլիգարխիկ ուժերի կոնկրետ պլաններ՝ կապված առանձին պետությունների հետ։
Կոբախիձեն նշել է, որ հատուկ զգուշություն է անհրաժեշտ ժողովուրդների միջև առկա կապերը պահպանելու համար։ Նա հիշեցրել է, որ Վրաստանում և Ռուսաստանում ապրում են բազմաթիվ խառը ընտանիքներ, Ռուսաստանում կա մեծ վրացական սփյուռք, իսկ Վրաստանում քիչ չեն ռուսական ծագում ունեցող մարդիկ։
Օգոստոսի 11-ին Կոբախիձեն լրագրողներին հայտնել էր, որ Թբիլիսին մտադիր չէ դիվանագիտական հարաբերությունները վերականգնել Ռուսաստանի հետ, քանի դեռ Մոսկվան շարունակում է ճանաչել Աբխազիայի և Հարավային Օսիայի ինքնիշխանությունը։
Ռուսաստանի և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան։ Դիվանագիտական հարաբերությունները վրացական կողմից խզվել են այն բանից հետո, երբ Մոսկվան 2008 թվականի օգոստոսի 26-ին ճանաչեց Աբխազիայի և Հարավային Օսիայի ինքնիշխանությունը։ Թբիլիսին դրանք համարում է օկուպացված տարածքներ։
Աղբյուր՝ 24News.am
