Թուրքական նավ է խոցվել Սև ծովում՝ Ռուսաստան ուղևորվելիս

Կամերունի դրոշով «Nadezhda» նավը, որը Թուրքիայի Սամսուն նավահանգստից Նովոռոսիյսկ էր տեղափոխում մրգեր և բանջարեղեն, Սև ծովում ենթարկվել է ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման։ Հարձակման հետևանքով վիրավորվել է նավի անձնակազմի չորս անդամ, այդ թվում՝ երեք Թուրքիայի քաղաքացի։ Այս մասին հայտնել է թուրքական Cumhuriyet թերթը։
Ըստ հրապարակման՝ նավը հարձակման է ենթարկվել Նովոռոսիյսկից մոտ 30 ծովային մղոն հեռավորության վրա։
Նավի կապիտան Յալչին Շահինի խոսքով՝ հարձակմանը մասնակցել է 6-7 ուկրաինական անօդաչու սարք։ Հարվածների հետևանքով նավի վրա հրդեհ է բռնկվել։
118 մետր երկարությամբ Nadezhda բեռնատար նավը (Ro-Ro Cargo) կառուցվել է 1978 թվականին Դանիայում։ Բաց աղբյուրների տվյալներով՝ այն պատկանում է Nadezhda Roro Inc ընկերությանը, իսկ դրա օպերատիվ և տեխնիկական կառավարումն իրականացնում է թուրքական Kalyoncu Ro Ro Denizcilik ընկերությունը։
Աղբյուր՝ 24News.am
