Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականը, հնարավոր է, ապրիլին կայանալիք Եվրոպայի առաջնությանը մասնակցի ոչ ամբողջական կազմով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց թիմի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը:
«Նախորդ տարիներին Հայաստանի ծանրամարտի ներքին առաջնություն չանցկացնելը պարտադրված էր, քանի որ մրցավայրում վերանորոգման աշխատանքներ էին»,- ասել է նա:
Վերջինիս խոսքով` մի խումբ մարզիկներ Հայաստանի առաջնությանը չեն մասնակցում վնասվածքների պատճառով:
«Ֆեդերացիայում ամեն ինչ նոր է, միայն մարզիչն ու մարզիկներն են հին, կարելի էր նրանց էլ փոխել: Այդ դեպքում նորովի կսկսեինք մտածել»,-ասաց նա:
Հավաքականի գլխավոր մարզիչն առանձնացրեց, որ Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի պաշտոնում իրեն փոխարինել է Սամվել Գասպարյանը, որը երիտասարդ է և որին խորհուրդ է տալիս լսել մեծերին:
«Շատ մեծ է հավանականությունը, որ Եվրոպայի առաջնությանը ամբողջական կազմով չենք մասնակցի: Եթե մարզիկը մեդալի համար չի գնալու Եվրոպայի առաջնությանը, ապա չպետք է պետության փողերը քամուն տալ»,-ասաց նա:
Հայաստանի ծանրամարտի ընտրանին փետրվարի 14-ից 15-օրյա ուսումնամարզական հավաք կանցկանցի Ծաղկաձորում` նախապատրաստվելով Եվրոպայի առաջնությանը, որը կկայանա ապրիլին Մոլդովայում: