Ովքեր չեն կիսում իշխանության և նրանց կուսակցական վոժդի լավատեսությունն ու տեսակետները, քաղաքական հետապնդման են ենթարկվում․ Աբրահամյան
Ովքեր չեն կիսում իշխանության և նրանց կուսակցական վոժդի լավատեսությունն ու տեսակետները, քաղաքական հետապնդման են ենթարկվում, խղճի բանտարկյալի վերածվում, բանտերում հայտնվում և անդադար դատարանային հրմշտոցների մեջ ընկնում:
ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Ի՞նչ պատահեց, որ քաղաքացիներին կեղծ ժպիտով սիրող ու նրանցով հպարտացող իշխանությունը սկսեց խմբագրել իր խոստումները՝ սեփական վերաբերմունքն արտահայտելով ընտրովի: Այն քաղաքացիները, որոնք մասնակցում են իշխանության խրախճանքին, շրջիկ կառնավալներին և ամեն գնով պաշտպանում փաշինյանական իշխանությունը՝ նրանց սրտիկներ և հաճոյախոսություն է բաշխվում:
Իսկ ովքեր չեն կիսում իշխանության և նրանց կուսակցական վոժդի լավատեսությունն ու տեսակետները, քաղաքական հետապնդման են ենթարկվում, խղճի բանտարկյալի վերածվում, բանտերում հայտնվում և անդադար դատարանային հրմշտոցների մեջ ընկնում:
Մեկը հանդգնել է քաղաքականությամբ զբաղվել, մեկը՝ մեղավոր է, որ հեղինակություն ունի, մյուսը իշխանութանը ոչ հաճո տեսանյութեր է հրապարակում, մեկը մերժել է դավաճանությունն ու ուրացումը, մյուսը՝ պարզապես չի տեղավորվում իշխանության ընտրական հաշվարկներում:
Այս իշխանության համար, ի սկզբանե եղել է առանցքային սկզբունք՝ կառավարումն իրականացնել հանրային ատելության և թշնամության հիմքով՝ արհեստական ճգնաժամեր հրահրելու ու դրանք «հերոսաբար» լուծելու հաշվարկով: Այս ռեժիմին հատուկ է մարդկանց տարանջատումների և ներհասարակական կոնֆլիկտի վրա խաղալով՝ ջարդել ներհասարակական համերաշխությունն ու երկրի դիմակայունությունը, լուծել սեփական ներքաղաքական խնդիրները, իսկ արտաքին անվտանգության հարցը թողնել հովանավորների խղճին:
Իշխանությունը ներքին վախերի, կուտակված բարդույթների և արժեզուրկ պատկերացումների պայմաններում, իրավիճակից դուրս գալու մեկ ճանապարհ է ընտրել՝ ոչնչացնել, փլել, ամայացնել ամեն ինչ՝ կլինի մարդ, գաղափար, թե ինստիտուտ, որոնք ապահովում են երկրի բնականոն ընթացքը, զարգացումն ու հարատևությունը՝ Մայր աթոռի դեմ քայքայիչ հարձակումը վկա: Այս 8 տարիների ընթացքում մեծաթիվ մարդիկ քաղաքական հետապնդումների են ենթարկվել, շատերի նկատմամբ կալանքը որպես պատժի ձև է ընտրվել, ոմանք տարիներով ճաղերի հետևում են հայտնվել:
Այս պահին, օրինակ՝ առողջական ծանր խնդիրներով հացադուլի մեջ է մեդիաներկայացուցիչ Նարեկ Սամսոնյանը, ում իրավունքները խախտվել են բոլոր առումներով՝ խուզարկություններից, կալանավորումից մինչև քաղաքական հետապնդման բոլոր պարամետրեր:
Կամք, համբերություն և ամուր նյարդեր բոլոր այն անձանց, ովքեր պայքարում են սեփական իրավունքների վերականգնման համար: Սատարումս բոլոր քաղբանտարկյալներին, ովքեր իշխող ռեժիմի ծանր ճնշումների և հարձակումների պայմաններում պաշտպանում են սեփական տեսակետն ու սկզբունքները:
Շուտափույթ ազատություն բոլոր քաղբանտարկյալներին»:
