Ադրբեջանը շարունակում է ՀՀ-ի դեմ տարածքային հավակնությունների հարցը պահել օրակարգում․ Տիգրան Աբրահամյան

4e9d0d495bc66d93fb3b2e7d450fdfaa_1716453391.thumb

Բաքվի կողմից «Արևմտյան Ադրբեջան» հասկացության ներդրումը ունի մի քանի նշանակություն, սակայն գլխավոր սպառնալիքն այն է, որ ռազմավարական պլանավորման մեջ Հայաստանը Ադրբեջանի համար դիտարկվում է որպես տարածքային հավակնությունների գոտի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Ավելի պարզ ասած, թեմային ֆինանսական, գաղափարական և քարոզչական ներարկումներ անելով, Ադրբեջանը շարունակում է ՀՀ-ի դեմ տարածքային հավակնությունների հարցը պահել օրակարգում։

Այս պահին Ադրբեջանի և Թուրքիայի համար հրատապը միմյանց միջև բարենպաստ պայմաններով կոմունիկացիա ստանալն է, երկրորդը՝ տնտեսական հարաբերությունները ազդեցության վերածելը և այդպես շարունակ՝ ըստ քայլերի հաջորդականության։

Ինչ ձևով ու ինչ «կպչուն ժապավենով» էլ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հարաբերությունները ներկայացվեն, եթե նույնիսկ դա բխում է բարի ցանկություններից, ապա միայն ՀՀ-ի համար, մինչդեռ այն, թե ինչ են ուզում դրանով ստանալ Բաքուն և Անկարան, արտահայտված է վերջիններիս պաշտոնական և ոչ պաշտոնական խոսույթում ու քարոզչական քաղաքականությունում»,-գրել է Աբրահամյանը։