Վահագն Խաչատուրյանը Շվեյցարիայում այցելել է Միջուկային հետազոտությունների եվրոպական կենտրոն (CERN)

66129-b-1768894461756-770x_

Շվեյցարիա կատարած աշխատանքային այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Միջուկային հետազոտությունների եվրոպական կենտրոն (CERN)՝ համաշխարհային գիտական առաջատար կենտրոններից մեկը։

Այցի ընթացքում նախագահը շրջել է կենտրոնի լաբորատոր համալիրներում, ծանոթացել իրականացվող կիրառական և գիտահետազոտական աշխատանքներին, ինչպես նաև CERN-ում գործող միջազգային գիտական ու կրթական ծրագրերին։

Նշվել է, որ 1998 թվականից CERN-ն իրականացնում է ուսուցիչների վերապատրաստման միջազգային ծրագիր, որը միտված է ֆիզիկայի և հարակից բնագիտական առարկաների դասավանդման որակի բարձրացմանը։ Ծրագրին մինչ օրս մասնակցել են հազարավոր ուսուցիչներ աշխարհի տարբեր երկրներից։ Այդ նախաձեռնության շրջանակում գործում է նաև հայ ուսուցիչների համար նախատեսված առանձին ծրագիր, որի շրջանակում 2024 թվականին առաջին անգամ հայաստանցի ուսուցիչների խումբը վերապատրաստում է անցել CERN-ում։

Հանրապետության նախագահը հանդիպել է նաև ընթացիկ տարվա վերապատրաստման ծրագրի շրջանակում CERN-ում գտնվող հայաստանցի ուսուցիչների խմբի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են ծրագրին մասնակցության ընթացքը, ձեռք բերված մասնագիտական փորձը և դրա կիրառման հնարավորությունները Հայաստանի կրթական համակարգում։

Նախագահ Վահագն Խաչատուրյանը կարևորել է նման նախաձեռնությունների շարունակականությունը՝ ընդգծելով կրթության և գիտության զարգացման մեջ միջազգային համագործակցության առանցքային դերը։