1988-ին այդքան մարդ կոռուպցիայի պատճառով է մաhшցել․ Պապոյան
Գյումրու Յոթ Վերք եկեղեցու բակում լրագրողների հետ զրույցի ժամանակ էկոնոմիկայի նախարար ԳևորԳ Պապոյանը խոսելով 1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժի և դրա հետևանքով տեղի ունեցած մեծ թվով զոհերի մասին՝ նշել է, որ ողբերգական չափերի հիմնական պատճառը եղել է կոռուպցիան։
Նրա խոսքով՝ այն երկրներում, որտեղ տեղի են ունենում նման ուժգնության երկրաշարժեր, զոհերի թիվը սովորաբար շատ ավելի փոքր է․ «Ինչի՞ է այդքան մարդ մահացել։ Շատ պարզ պատճառով՝ կոռուպցիայի։ Երբ շենք կառուցելիս ցեմենտը կամ մետաղը գողանում են, դրա պատասխանը տալիս է ժողովուրդը»,- նշել է Պապոյանը։
Նա ընդգծել է, որ նման ձախողումներից խուսափելու համար անհրաժեշտ է մերժել կոռումպացված համակարգերը։
Պապոյանը խոսել է նաև Գյումրիում իրականացվող և արդեն իրականացված ծրագրերի մասին՝ նշելով, որ միայն Էկոնոմիկայի նախարարության զարգացման ծրագրերով քաղաքում իրականացվել են տասնյակ միլիոնավոր դոլարների ներդրումներ։
Նրա խոսքով՝ տարածքային կառավարման մյուս ծրագրերով նույնպես շարունակվել են մեծածավալ աշխատանքները՝ բարեկարգվել են փողոցներ, կառուցվել են հանրային տարածքներ։ Պատգամավորը հայտարարեց, որ առաջիկա հինգ տարիների ընթացքում հնարավոր է Գյումրիում իրականացնել մինչև 100 միլիոն դոլարի ներդրումներ, որոնք էականորեն կփոխեն քաղաքի տեսքը և կխթանեն զարգացման նոր փուլը։
Պապոյանը նաև ընդգծել է, որ Հայաստանի զբոսաշրջային հոսքերը ներկայումս ռեկորդային աճ են գրանցում, և խաղաղության գործընթացներին զուգահեռ ակնկալվում է զբոսաշրջիկների թվի շարունակական ավելացում։
