Եթե խաղաղության գործընթացը ձգձգվի կամ արդյունքներ չտա, ռուսները պետք է հասկանան, որ զենքի հոսքը դեպի Ուկրաինա կշարունակվի. Ռյուտե
Մարկ Ռյուտեն հրաժարվել է մեկնաբանել Սթիվ Վիտկոֆի և Ջարեդ Քուշների հանդիպումը Պուտինի հետ։
«Ես չեմ ուզում մեկնաբանել յուրաքանչյուր քայլ։ Երեկվա երեկոն, իհարկե, կարևոր էր։ Կլինեն եւս քայլեր։ Բայց դուք չեք լսի ինձնից յուրաքանչյուր միջանկյալ քայլի վերաբերյալ մեկնաբանություն։ Մենք սերտորեն համակարգում ենք ամերիկացիների հետ կատարվողը, բայց չենք մեկնաբանում յուրաքանչյուր քայլը», – նշել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։
Նա ընդգծել է, որ եթե խաղաղության գործընթացը ձգձգվի կամ արդյունքներ չտա, կարևոր է համոզվել, որ ռուսները հասկանում են, որ զենքի հոսքը դեպի Ուկրաինա կշարունակվի։
«Սա հենց այն է, ինչ տեղի է ունենում այսօր։ Շնորհակալություն Միացյալ Նահանգներին, շնորհակալություն եվրոպացիներին՝ իրենց կենսականորեն կարևոր սարքավորումներն Ուկրաինա ուղարկելու համար, որոնց համար վճարել են Կանադան և եվրոպացի դաշնակիցները, և այն բազմաթիվ երկկողմ ջանքերի համար, որոնք Եվրոպան և Կանադան գործադրում են», – ասել է Ռյուտեն։
