Փարիզի դատարանն այսօր կհրապարակի Քիմ Քարդաշյանի բազմամիլիոնանոց կողոպուտի գործով վճիռը
Մայիսի 23-ին Փարիզի դատարանը կկայացնի ամերիկյան իրապատում շոուների աստղ Քիմ Քարդաշյանի՝ 9 տարի առաջ Ֆրանսիայի մայրաքաղաքի հյուրանոցներից մեկում հանցախմբի կողմից զենքի սպառնալիքով կողոպուտի զոհ դառնալու գործով դատավճիռը:
Ինչպես գրում է apnews.com-ը, ինը տարի առաջ տեղի ունեցած կողոպուտի ժամանակ, հանցագործներն աստղից գողացել էին 6 մլն դոլար արժողությամբ զարդեր, այդ թվում՝ նախկին ամուսնու՝ Քանյե Ուեսթի նվիրած 4 մլն դոլար աժողությամբ նշանադրության մատանին: Քարդաշյանին կապկպել էին ու փակել հյուրանոցային համարի լոգասենյակում:
Միլիարդատիրուհին դատարանում ցուցմունք տալիս պատմել էր, որ հանցագործներին աղաչել է ամեն ինչ վերցնել, միայն թե իրեն չսպանեն:
Մեղադրյալները 10-ն են՝ 35-78 տարեկան 9 տղամարդ, 1 կին, և ֆրանսիական մամուլում հանցախումբը հայտնի է որպես Grandpa Robbers (Թալանչի ծերուկներ): Նրանք մեղադրվում են զինված կողոպուտի, առևանգման և դավադրության համար: Նրանցից ութը հերքում են մասնակցությունը, իսկ երկուսն ընդունել են ավելի փոքր հանցագործություններ կատարելու մեղադրանքները:
