Հանուն հանրային և ազգային համերաշխության. Հայաստան-Արցախ ՀԵՄ-ը և «Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնությունը հուշագիր են ստորագրել
Ներհասարակական երկխոսության խրախուսման, հանրային և ազգային համերաշխության հասնելու համար Հայաստան-Արցախ համահայկական երիտասարդական միությունը և «Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնությունը հուշագրի ստորագրմամբ հաստատեցին պատրաստակամությունը՝ աջակցելու միմյանց գործունեությանը, իրականացնելու համատեղ նախագծեր, առաջ մղելու կարևոր գաղափարներ և ծրագրեր: «Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Արման Աբովյանի խոսքով՝ այս համագործակցությունը հիմնվում է ազգային, պետական բարձրագույն արժեքների, մեր երկրի ու քաղաքացու շահերի պաշտպանության վրա:
Հայաստան-Արցախ համահայկական երիտասարդական միության նախագահ Լիաննա Մանուկյանի խոսքով՝ հուշագիրը հաստատեց «Կամուրջի և Հայաստան-Արցախ համահայկական երիտասարդական միության վճռականությունը՝ գործադրելու առավելագույն ջանքեր, արցախցիների իրավունքների պաշտպանության, նրանց արդարացի պահանջների իրացման համար:
«Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Լուիզա Սարգսյանի խոսքով՝ առաջնորդվելով իրենց կարգախոսով, որ կամուրջը կամուրջներ է կառուցում՝ առաջին կամուրջը ստեղծեցին երիտասարդների թիմի հետ:
Իսկ «Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնության մյուս անդամ Ռաֆայել Հունանյանն ասում է՝ իրականացնելու են այնպիսի երիտասարդական ծրագրեր, որոնք մեծ տառերով նշվելու են մեր պատմության էջերում:
