338 ակցիա ամբողջ Ֆրանսիայում. «դեղին բաճկոններն» ու արհմիությունները կրկին մոբիլիզացնում են ցուցարարներին

Ֆրանսիա20:08 | նոյեմբերի 14, 2026338 ակցիա ամբողջ Ֆրանսիայում. «դեղին բաճկոններն» ու արհմիությունները կրկին մոբիլիզացնում են ցուցարարներին
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Ֆրանսիայում շաբաթ օրը՝ նոյեմբերի 14-ին, բողոքի տասնյակ ակցիաներ են անցկացվում, որոնց մասնակիցները դեմ են արտահայտվում կյանքի թանկացմանը, պահանջում են աշխատավարձերի բարձրացում, կրթության ֆինանսավորման բարելավում և երեխաների պաշտպանություն բռնությունից, հայտնել են Le Monde-ը և AFP-ն։
Առանձին թեմա է դարձել իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից զենքի կիրառման իրավաչափության կանխավարկածի օրինագծի դեմ բողոքը։ Իրավապաշտպաններն այն անվանում են «սպանության թույլտվություն»։ Փարիզում տարբեր հասարակական, արհմիութենական և ուսանողական կազմակերպություններ միավորվել են մեկ ցույցի շրջանակում։
Ֆրանսիայի ներքին գործերի նախարարի շրջապատի տվյալներով՝ տեղի ժամանակով ժամը 14:00-ի դրությամբ ամբողջ երկրում անցկացվող 55 ակցիաներին մասնակցել է 8,9 հազար մարդ։ Այս թվերը չեն ներառում Փարիզի ցույցը։ Համեմատության համար՝ նախորդ շաբաթ օրը նույն ժամին 68 ակցիաներին մասնակցել էր 7 հազար մարդ, իսկ հոկտեմբերի 17-ին՝ բողոքի ալիքի թեժ պահին, 198 միջոցառումների մասնակցել էր 67 հազար մարդ։

Ժամը 14:00-ի դրությամբ ոստիկանությունը բերման էր ենթարկել 23 մարդու։ ՆԳՆ տվյալներով՝ երկրում իրավիճակը մնում էր հանգիստ և վերահսկելի։ Կարգուկանոնն ապահովելու համար ներգրավվել էր շուրջ 70 հազար ոստիկան և ժանդարմ՝ այնքան, որքան հոկտեմբերի 24-ից սկսած նախորդ երեք շաբաթ օրերին։
Փարիզում ցուցարարները ժամը 14:00-ից քիչ անց շարժվել են Հանրապետության հրապարակից և Բաստիլի հրապարակով ուղղվել դեպի Ազգի հրապարակ։ Երթուղին ընտրվել էր այնպես, որ երեխաների հետ եկած ընտանիքները կարողանան հեռանալ երթից մինչև դրա ավարտը և խուսափել մասնակիցներին ցրելու ժամանակ ոստիկանության հետ հնարավոր բախումներից։
«Դեղին բաճկոնների» շարժման համակարգող մարմինը, որը հոկտեմբերի 17-ից մասնակցում է թանկության դեմ շաբաթօրյա բողոքի ակցիաների կազմակերպմանը, հայտնել է ամբողջ երկրում նախատեսված 338 ակցիայի մասին։ Փարիզում շարժման ներկայացուցիչները միացել են հասարակական կազմակերպությունների, արհմիությունների և ուսանողների երթին։ Կյանքի թանկությանն առնչվող պահանջներից բացի՝ շարժումը հանդես է գալիս «ժողովրդավարության փոփոխության» օգտին։
Collectif enfantiste կազմակերպության հիմնադիր Քլեր Բուրդիյը ցուցարարների տարբեր խմբերի միավորումն անվանել է «բավական բացառիկ մերձեցում»։ Նրա խոսքով՝ Ֆրանսիան լայնածավալ հասարակական և ինստիտուցիոնալ ճգնաժամ է ապրում, որն առնչվում է նաև դպրոցներին, արտադպրոցական կրթությանը, երեխաների սոցիալական պաշտպանությանը և արդարադատության համակարգին։
Մյուս խոշոր քաղաքներում, այդ թվում՝ Բորդոյում, Թուլուզում և Ռենում, անցկացվում են երեխաների պաշտպանությանն ուղղված առանձին ակցիաներ և արհմիութենական ցույցեր։ Թուլուզում, կազմակերպիչների տվյալներով, փողոց է դուրս եկել շուրջ 6 հազար մարդ, մինչդեռ պրեֆեկտուրան հաշվել է 1,8 հազար մասնակցի։ Ցույցն անցել է առանց միջադեպերի։
Լիոնում փողային նվագախմբի երաժշտության ներքո մեկնարկած երթը շուտով արգելափակվել է և պատվել հրատեխնիկայի ծխով։ Ավելի ուշ մասնակիցները շարունակել են շարժվել, սակայն մթնոլորտը մնացել է լարված։ Ժամը 17:00-ից առաջ ակցիան սկսել է ցրվել։
Միաժամանակ, արհմիությունների ներկայացուցիչները նշում են մասնակիցների հոգնածությունը մեկուկես ամիս տևող բողոքի ակցիաներից հետո։ Աշխատանքի համընդհանուր համադաշնության (CGT) Փարիզի բաժանմունքի գլխավոր քարտուղար Կառլ Գազին հայտնել է, որ ներկայիս մոբիլիզացիան մասշտաբով զիջում է նախորդներին և կենտրոնացած է առաջին հերթին երեխաների պաշտպանության ու ոստիկանության լիազորությունների ընդլայնմանը հակազդելու վրա։
Հաջորդ համազգային գործադուլն ու ցույցերը նախատեսված են երեքշաբթի՝ CGT-ի կոչով։ Ուրբաթ ակցիային միացել է պետական հատվածի աշխատողներին ներկայացնող CFDT-ն այն բանից հետո, երբ կառավարությունը հրաժարվել է բարձրացնել պետական ծառայողների վարձատրության բազային ինդեքսը։
Հասանելի է
Տեղադրություն
Թեմա
Աղբյուրը՝ NEWS.am
