ՄԱԿ-ի դատարանում ՀՀ ներկայացուցիչը մերկացրեց Ադրբեջանից իրականացվող ռասիստական քաղաքականությունը

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական գործի բանավոր լսումների ժամանակ պրոֆեսոր Շոն Մըրֆին կատարել է մի շարք դիտարկումներ, որոնք մերկացնում են վերջին տարիների ընթացքում Ադրբեջանի կողմից հայության նկատմամբ ռասիստական խտրականության կիրառման քաղաքականությունը։

 

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն  է տարածել Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը։

«Շոն Մըրֆին մի քանի չափազանց դիպուկ մեջբերումներով հանրայնացրեց Ադրբեջանի կողմից պետական և հանրային մակարդակով տարվող հակահայկական քարոզը` մեջբերելով Ադրբեջանի նախագահի ելույթներից այնպիսի հատվածներ, որոնք պարունակում են խորը ռասիստական խտրական բովանդակություն և ատելության քարոզ։

 

Իր ելույթում բանախոսը կատարեց նաև մեկ այլ, չափազանց կարևոր մասնավորեցում՝ մեջբերելով Իլհամ Ալիևին, ով Լեռնային Ղարաբաղի վրա հարձակումը անվանել է «վերջին զտում», «վերջին մաքրում»։ Սա ինքնախոստովանություն է և ապացույց ոչ միայն այն բանի, որ Լեռնային Ղարաբաղում իրականացվել է էթնիկ զտում, այլ տրամաբանորեն վկայում է այն մասին, որ այդ էթնիկ զտումը առաջինը չէր։ Եվ իրապես, հայության տարբեր զանգվածների զտումներն ու բռնի տեղահանումները կարելի է բնորոշել որպես ռասիստական խտրականության արտահանման տարբեր փուլեր, որոնց արդյունքում պարբերաբար հայաթափվել են հայկականության անվիճարկելի բովանդակություն ունեցող ամբողջական երկրամասեր, ինչպես օրինակ Նախիջևանն ու Գարդմանը, հայազրկվել է հայության տեսակարար ներկայացվածություն ունեցող պատմական Շիրվանը։

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը ողջունում է պրոֆեսոր Շոն Մըրֆիի արդարացի և հետևողական մոտեցումը։ Մենք վստահ ենք, որ կատարված հանցագործությունների վերհանումն ու դրանց մեղավորների անվանական բացահայտումն ու համարժեք պատիժը միայն ի զորու կլինեն վերականգնել այսօր խիստ վտանգված միջազգային իրավունքի դիրքերն ու մարդու իրավունքների գերակա շահը»,- ասված է հայտարարության մեջ։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.