Ուկրաինան չի պատրաստվում կապիտուլացվել Ռուսաստանին. Զելենսկի

Ուկրաինան չի պատրաստվում կապիտուլացվել Ռուսաստանին, իսկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վախենում է ուկրաինացիներից ու նրանց ստացած արևմտյան աջակցությունից։ Այս մասին բրազիլացի լրագրողներին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, փոխանցում է korrespondent.net-ը:

«Ուկրաինացիների հավատն Ուկրաինայի զինված ուժերի և հենց իրենց նկատմամբ չի վերացել. հոգնածության առումով ես չեմ ստի՝ այն կա: Բայց երբ դուք երեկոյան կամ գիշերն աշխատանքից  վերադառնում եք տուն, հոգնածություն եք զգում, բայց դա չի նշանակում, որ առավոտյան չեք գնալու ձեր աշխատանքին, որը հարգում եք, որը ձեզ անհրաժեշտ է ապրելու և ձեր երեխաներին կերակրելու համար: Նույնն էլ Ուկրաինայի պաշտպանության հարցում է: Մենք հոգնում ենք, բայց առավոտյան պետք է նորից մեր գործն անենք, քանի որ սա միակ պաշտպանությունն է։ Մենք պետք է ապրենք և պաշտպանենք երեխաներին»,- ասել է Զելենսկին։

Նրա խոսքով՝ ոչ մի շրջադարձ չի լինի խաղաղությունից, ԵՄ-ի հետ կապված ծրագրերից, իրենց արժեքները պաշտպանելուց և ոչ ոք չի ընտրի կապիտուլյացիան Ռուսաստանին:

Նախագահն ասել է, որ այժմ Ռուսաստանի Դաշնությունը փորձում է բոլորին համոզել, որ Ուկրաինայում ամեն ինչ վատ է, իսկ նախաձեռնությունը ռուսների ձեռքում է։ Բայց դա ճիշտ չէ:

«Մենք ունենք համապատասխան տեխնոլոգիաներ, մենք պայքարում ենք, որ մատակարարումներ լինեն գործընկերներից: Ամեն ինչ հեշտ չէ: Էյֆորիա չկա, բայց ոչ ոք չի հանձնվում: Եվ հավատացեք, Պուտինը շատ է վախենում մեզանից: Ես վստահ եմ, որ նա վստահ չէ ինքն իր վրա:

«Մենք պետք է ամուր կանգնենք, տեր կանգնենք մեր դիրքերին», - ընդգծել է Զելենսկին։

Նրա համոզմամբ՝ Պուտինի համար հաղթանակը ԽՍՀՄ-ի վերականգնումն է այլ ժողովուրդների և այլ անկախ երկրների ոչնչացման միջոցով։

«Ուստի Ուկրաինան ոչ մի տեղ չի պատրաստվում նահանջել»,- եզրափակել է Զելենսկին։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.