Ադրբեջանի կողմից Հայաստանին ներկայացվող նոր կապիտուլյացիոն պահանջներ կան, որին իշխանությունը մտադիր է տեղի տալ․ Իշխան Սաղաթելյանը՝ փակ նիստի մասին

Ողբերգություն է, երբ երկրիդ բարձրաստիճան պաշտոնյաները և քաղաքական մեծամասնության ներկայացուցիչները «փրփուրը բերանին» փորձում են հիմնավորել, որ ՀՀ իրավազորության ներքո գտնվող տարածքները ադրբեջանական են։

 

Այս մասին ԱԺ-ում լրագրողների ճեպազրույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելանը։

 

«Սրանից պետք է բխեցնել, որ եթե տեղի ունենան ռազմական գործողություններ, ապա դրա հրահրողը և լեգիտիմացնողը  քաղաքական մեծամասնությունն է Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Իրենք անընդհատ փորձում են Ադրբեջանի շահերը սպասարկող հիմքեր մեջբերել»,- ասաց նա:

 

Անդրադառնալով փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ու արտգործնախարար  Արարատ Միրզոյանի հետ ԱԺ պատգամավորների մասնակցությամբ փակ նիստին, Սաղաթելյանը ասաց․

«Ընդդիմությունը Տավուշի 4 գյուղերի հետ կապված ներկայացրել է հայտարարության նախագիծ, որտեղ կա իրավիճակի գնահատում, կոչ միջազգային հանրությանը  ու այլընտրանքային լուծումներ։ Իշխանության տրամադրվածությունից արդեն ակնհայտ էր, որ դեմ են լինելու մեր  հայտարարության նախագծին։ Մենք մեկ անգամ ևս համոզվեցինք, որ երկիրը գտնվում է մի ուժի ձեռքում, որոնք շարունակելու են զիջումները, և մեկ անգամ ևս ակնհայտ դարձավ, որ իրականում սահմանազատման և սահմանագծման աշխատանք չկա, ՀՀ-Ադրբեջան բանակցություններ չկան, կան Ադրբեջանի կողմից Հայաստանին ներկայացվող նոր կապիտուլյացիոն պահանջներ, որին իշխանությունը մտադիր է տեղի տալ։ Իշխանությունները իրենց պահվածքով լեգիտիմացնում են Ադրբեջանի առաջիկա ռազմական ագրեսիան Հայաստանի նկատմամբ»։

Սաղաթելյանը նշեց, որ ընդդիմությունը ևս մեկ անգամ  արձանագրել է, որ այդ տարածքները Հայաստանի համար ունեն ռազմավարական նշանակություն և դրանք զիջելով՝ կառաջանան անվտանգային լրջագույն խնդիրներ։

Պատգամավորը միաժամանակ նշեց, որ փակ հանդիման ընթացքում  Մհեր Գրիգորյանը հավաստիացրել է, որ Տավուշում կոնկրետ պայմանավորվածություն չկա սահմանագծման վերաբերյալ, իսկ Արարատ Միրզոյանն այլ բան էր ասում։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.