Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան

Սա պարզ ազգային, հոգևոր ընկալումներով ապրող, հայրենիք ունեցող մարդկանց շարժում է, չունի որևէ տեսակի և կերպի, որևէ կուսակցության կամ կազմակերպության գունավորում. այս մասին հայտարարել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազան Գալստանյանը՝ անդրադառնալով իր առաջնորդած շարժմանը:

Նա ընդգծել է, որ այս շարժման մեջ կլինեն և՛ կուսակցականներ, և՛ անկուսակցականներ, և՛ հասարակական, և՛ մշակութային գործիչներ, և՛ հոգևորականներ, և՛ աշխարհականներ: 

«Երեկ ամբողջ օրը շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելոք պահեք ձեզ, ձեզ համար էլ է այս շարժումը, ձեզ էլ է ազատագրելու կապանքներից: Մեր շարժումը ճշմարտության մասին է, լայն հասարակական շերտերի հաշտության մասին է, վախերի վերացման մասին է:Մեր իղձերն ու երազները պետք է ավելի մեծ լինեն, քան մեր կյանքը: Չենք կարող սահմանափակված լինել մեր փոքր կյանքի օրերի մեջ... Ձեր լեզվով եմ ասում` ձեզ խելո՛ք պահեք, պարզապես ձեզ խելո՛ք պահեք, զղջացե՛ք, ապաշխարե՛ք, ինքնաքննե՛ք, հեռացեք բոլոր տեսակի մեղքերից: Չարիքի գործիք որևէ մեկը չի կարող ո՛չ քար նետել, ո՛չ ցեխ նետել», - ասել է հոգևորականը:

Նա հավելել է, որ այս երթը մեզ տալու է երկու բան՝ պատիվ և հայրենիք:

 

Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ մայիսի չորսի կեսօրից Կիրանցից քայլերթով շարժվել են Երևան։ Նրանք Երևան կհասնեն մայիսի 9-ին։

«Միակողմանի զիջումների այս աղետալի ընթացքը վերջ ու սահման չունի. Հյուսիսից հարավ մենք մեծ, անհասկանալի արյունահոսության գործընթացքում ենք գտնվում։ Այս գործընթացը պետք է դադարեցվի»,- քայլերթից առաջ հայտարարել էր Բագրատ Սրբազանը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.