Տխրությամբ կարդացի այն, ինչ «դու» ինձ գրել էիր, դու երբեք չէիր ասի այն բառերը, որոնց տակ ստորագրությունդ է դրված. Արոնյանը պատասխանել է ադրբեջանցի Մամեդյարովին

Գրոսմայստեր Լևոն Արոնյանը դիմել է ադրբեջանցի գործընկերոջը՝ գրոսմայստեր Շահրիար Մամեդյարովին՝ մեկնաբանելով վերջինիս գրառումը, որում Արոնյանի հասցեին մեղադրանքներ են հնչեցվել:

«Իմ նամակը Շահրիար Մամեդյարովին,

Բարև, Շահրիար: Ես տխրությամբ կարդացի այն, ինչ «դու» ինձ գրել էիր։ Ես քեզ ճանաչում եմ երկար տարիներ և սիրում եմ քեզ ու ընտանիքդ որպես ինձ թանկագին մարդկանց, չնայած դուք վերջերս հեռվացել եք ինձանից: Դու երբեք չէիր ասի այն բառերը, որոնց տակ ստորագրությունդ է դրված։ Դու բարի և հասկացող մարդ ես։ Ես հիմա չեմ ուզում հրապարակավ պատասխանել իմ հասցեին հնչած մեղադրանքներին, դու ինձ ճանաչում ես և գիտես, որ ես երբեք որևէ մեկին չեմ խաբել՝ ո՛չ իմ անձնական կյանքում, ո՛չ հրապարակավ։ Երբ Ալյոխինը 30-ական թվականներին պատվիրված հոդված գրեց արիական շախմատի մասին, նա երկար տարիներ փորձել է ոչնչացնել իր կյանքի այս ամոթալի էջը։ Աստված տա, որ այլևս ստիպված չլինես նման նամակներ գրել։

Հարգանքներով՝ քո Լյովա», - գրել է Արոնյանը:

Հիշեցնենք, որ օրերս Արոնյանը, խոսելով Արցախի շրջափակման և սովամահության մատնված արցախցիների մասին, դիմել էր ադրբեջանցի գործընկերներին՝ կոչ անելով չլռել և բարձրաձայնել ճշմարտությունը: Սրան ի պատասխան Մամեդյարովը հրապարակել էր ծավալուն գրառում, որում նշել է, որ «ճանապարհը դեպի Ստեփանակերը երբեք փակված չի եղել Ադրբեջանի կողմից» (չակերտները՝ Tert.am):

«Ադրբեջանը Ղարաբաղի տարածաշրջանում (Արցախի Հանրապետություն-Tert.am) ապրող հայ բնակչությանը համարում է իր բնակչությունը, փորձում է ինտեգրել նրանց սոցիալապես և քաղաքականապես և, իհարկե, կհասնի դրան։ Ադրբեջանը երբեք թույլ չի տա «իր քաղաքացիներին» (չակերտները՝ Tert.am) սովամահ լինել «իր տարածքում» (չակերտները՝ Tert.am)», - գրել է ադրբեջանցի շախմատիստը:

Այնուհետև նա դիմել է անձամբ Արոնյանին.«Երևի կարծում ես, որ համաշխարհային շախմատային հանրությունը և մենք մոռացել ենք, երբ Հայաստանի համար ամենադժվար պահին թողեցիր երկիրդ և գնացիր Ամերիկա։ Այս քայլով դուցույց տվեցիք իսկական վերաբերմունքդ այն երկրի նկատմամբ, որը «հայրենիք» էիր անվանում, և ընտրեցիր ավելի բարեկեցիկ կյանք։ Եվ սա այն ֆոնին, երբ հարյուր հազարավոր ադրբեջանցիներ, այդ թվում՝ իմ ծնողները, 30 տարի առաջ վտարվեցին հայրենի Զանգիլանից, մենք կորցրինք մեր մտերիմ հարազատներին։ Դու հեշտությամբ փոխեցիր քո երկիրը, իսկ ադրբեջանցիները փախստական դարձան 30 տարի առաջ։

Միանգամայն ակնհայտ է, որ անհնար է իրականությունը տեսնել արտերկրից, դրա համար հրավիրում եմ քեզ Ադրբեջան, որպեսզի տեղում ամեն ինչ տեսնես և ինքդ եզրակացություն անես, թե որտեղ է ճշմարտությունը, որտեղ՝ սուտը։

Լևո՛ն, շախմատում մենք բազմիցս մրցակիցներ ենք եղել։ Դու երբեք չես խաղացել սկզբնախաղ, որը չգիտես և չես արել պատվիրված քայլեր: Այս անգամ դու ուզում էիր շախմատին և շախմատիստին ոչ սազական սկզբնախաղ անել, և, ինձ թվում է՝ պատվիրված «քայլ» արեցիր»։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.