Դատավորների ընդհանուր ժողովում ամփոփվել են Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողի անդամների ընտրության արդյունքները․ Կարեն Անդրեասյանը ձախողեց հերթական անգամ․ «Փաստինֆո»

Դատավորների ընդհանուր ժողովում ամփոփվել են Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողի անդամների ընտրության արդյունքները։

 

Հանձնաժողովի դատավոր անդամներ են ընտրվել Երևանի քրեական դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանը, Վարչական դատարանի դատավոր Վարազդատ Միքայելյանը, Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր Հովիկ Շահնազարյանը, իսկ դատավոր չհանդիսացող անդամի թափուր տեղի համար միակ թեկնածուն՝ Անի Չատինյանը, չի ընտրվել։ Գրել է «Փաստինֆո»-ն։

 

Այսօր հրավիրված ժողովի օրակարգում էր Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամների ընտրության հարցը, քանի որ հանձնաժողովի կազմում գտնվող դատավորներ Արման Հովհաննիսյանի, Հովիկ Շահնազարյանի, Մերի Համբարձումյանի և դատավոր չհանդիսացող անդամ Դավիթ Հակոբյանի՝ Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամի պաշտոնավարման՝ երեք տարվա ժամկետը լրացել էր։

 

Դատավորներ Արման Հովհաննիսյանը, Հովիկ Շահնազարյանը վերաառաջադրվել են։  Դատավոր չհանդիսացող անդամ Դավիթ Հակոբյանի թեկնածությունը կրկին ներկայացվել էր, սակայն նրա առաջադրման փաստաթղթերը ԲԴԽ ստեղծած մրցութային հանձնաժողովը չի ընդունել, այլ հաստատել է «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ-ի կողմից առաջադրված Անի Ժիրայրի Չատինյանի թեկնածությունը։

«Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովն օժտված է դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ հարուցելու լիազորությամբ, ըստ այդմ, չի բացառվում, որ իշխանությունները հանձնաժողովում ևս փորձեն ներառել «յուրայինների»՝ դատավորների նկատմամբ իրականացվող ճնշումների հարցում հանձնաժողովը որպես գործիք կիրառելու նպատակով, ինչը նախկինում չէր ստացվում։ Մամուլում տեղեկություններ են շրջանառվում, համաձայն որի՝ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը փորձել է խոչընդոտներ ստեղծել Արման Հովհաննիսյանի ընտրության համար. նախ՝ փորձել է առաջ մղել քրեական մասնագիտացմամբ իր թեկնածուին՝ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մակար Կիրակոսյանին, որը հրաժարվել էր առաջադրումից»,- գրել է լրատվամիջոցը։

Քրեական մասնագիտացմամբ այլ դատավորները ևս հրաժարվել են ներկայացնել իրենց թեկնածությունը՝ չցանկանալով Արման Հովհաննիսյանի դեմ առաջադրվել։ Կարեն Անդրեասյանի նախաձեռնությամբ, սակայն, շրջանառվող լուրերի համաձայն՝ փորձել են բարձրացնել դատավոր Արման Հովհաննիսյանի առաջադրման անհնարինության հարց, ինչը փաստացի ևս չի հաջողել։

Դատավորների ընտրության արդյունքներով՝ Արման Հովհաննիսյանն վերընտրվել է Հանձնաժողովի անդամ՝ 191 կողմ. 36 դեմ և 3 անվավեր քվեաթերթիկներով:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.